Թուրքիան Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին հավանություն տալու դիմաց պահանջում է Ռագըփ Զարաքոլուին

NATO

 Շվեդական «Expressen» թերթը զրուցել է թուրք վտարանդի գրող Ռագըփ Զարաքոլուի հետ՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանն առ այն, որ իրենք կաջակցեն Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, եթե Շվեդիան Ռագըփ Զարաքոլուին արտահանձնի Թուրքիային:

Մեկնաբանելով այս սակարակությունը՝ Զարաքոլուն նշել է, որ Շվեդիան սկզբունքներին հավատարիմ երկիր է և չի դիմի նման քայլի, չի թողնի որ Էրդողանը քաղաքական միավորներ հավաքի դրա հաշվին:  

Գրող Ռագըփ Զարաքոլուն ապաստան է գտել Շվեդիայում 2012 թվականին: Զարաքոլուն նշել է, որ հենց Թուրքիա մուտք գործի, նրան անմիջապես կբանտարկեն և շատ երկար նա այդտեղից դուրս չի գա:

Ռագըփ Զարաքոլուն Թուրքիայում հայտնի հրատարակիչ և գրող էր, ով ասում էր, որ իր ողջ կյանքում պայքարել է արդարության համար և այդ պատճառով բանտարկվել է։ Նրան մեղադրել են «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու և նաև PKK-ի հետ անմիջական կապ ունենալու» մեջ: Նա  մասնակցել է քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության (DTP) հիմնադիր ժողովին: Այն Թուրքիայում համարվել է ահաբեկչական կառույց և փակվել է 2008 թվականին:

Զարաքոլուն հրատարակել է մի շարք գրքեր Հայոց ցեղասպանության մասին, օրինակ՝ «Ճշմարտությունը մեզ կազատի. Հայերը և թուրքերը հաշտեցված» և այլ գրքեր, որ 2005թ. կրկին դատարանում հայտնվելու պատճառ հանդիսացան։ 2007թ. նոյեմբերին հրատարակել է Դավիդ Գաունտի «Ջարդեր, դիմադրություն, պաշպանողներ» գիրքը, որն ասորիների ցեղասպանության մասին էր։

Ռագըփ Զարաքոլուն 2011-ին Հայաստանի Ազգային գրադարանի կողմից պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով` որպես հրատարակչական մեծ գործունեություն ծավալող անձ, ով նաև տասնյակ գրքեր է նվիրել Ազգային գրադարանին:

 

Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...