Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 2 ոստիկան է տեղափոխվել հիվանդանոց. 5 անձ բերման է ենթարկվել. armtimes
«Դիմադրություն» շարժման անդամներն այսօր վերսկսել են անհնազանդության ակցիաները: Այս պահին նրանք Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց են:
Տեղում ծառայություն են իրականացնում և հասարակական կարգը պահպանում ոստիկանության ծառայողները:
ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ պատգամավորները կմտնեն շենք՝ հասկանալու համար՝ նախարարները կո՞ղմ են իրենց ներկայացրած փաստաթղթին, թե՞ ոչ:
Ոստիկաններն էլ հայտնեցին, որ կփորձեն ճշտել՝ նախարարները պատրա՞ստ են պատգամավորներին ընդունել, եթե այո, ապա թույլ կտան նրանց մուտք գործել շենք:
Որոշ ժամանակ անց իրավիճակը լարվեց, ցուցարարները սկսեցին հրել շղթա կազմած ոստիկաններին: Այս ամենի հետևանքով ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, որին տեղափոխեցին Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից:
ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ ոստիկանության երկու ծառայող է տեղափոխվել հիվանդանոց: Իսկ խուլիգանություն կատարելու կասկածանքով 5 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: