Զոհված զինծառայողների ծնողներին կտրվի փոխհատուցում՝ փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու համար
ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցության ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվում վերջիններիս՝ փոխնակ մոր և դոնորի (դոնորական ձվաբջջի) ծառայություններից օգտվելու համար։
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական վարչությունից՝ նշելով, որ փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։
Աջակցության առավելագույն չափը կազմում է՝
- փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը,
- դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:
Դիմումներն ընդունվում են առձեռն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և առցանց եղանակով՝ e-request.am կամ www.mlsa.am կայքէջերի միջոցով։ Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել նաև շահառուի ստորագրված դիմումն ու փաստաթղթերի լուսապատճենները:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ այս հղմամբ: