Հայտնաբերվել են «Սալմոնելա էնտերիտիդիս» և «Ոսկեգույն ստաֆիլակոկ» ախտածին հարուցիչներ
2022 թվականի հունիսի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ Բյուրեղավանի ավարտական միջոցառման մասնակիցներից հոսպիտալացված է 17 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է թեթև։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդներից վերցված կենսանմուշներում հայտնաբերվել են աղիքային վարակիչ հիվանդությունների «Սալմոնելա էնտերիտիդիս» և «Ոսկեգույն ստաֆիլակոկ» ախտածին հարուցիչները։
Համաճարակաբանական հետազոտության արդյունքները փաստում են, որ աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքերի արձանագրման հավանական պատճառը սննդային գործոնն է:
Նշենք, որ սալմոնելոզն աղիքային վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորումով և կլինիկական բազմազանությամբ։ Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի միջոցով։
Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է.
խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում,
խուսափե՛ք գնել բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և այլն,
Հաճախակի լվացե՛ք ձեռքերն օճառով և ջրով,
մրգերը և բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվացե՛ք հոսող ջրով՝ առնվազն 2-3 րոպե,
սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար,
շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում,
աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի։