Մոսկվան խնդիրներ ունի նոր մարտունակ ստորաբաժանումների ձևավորման հարցում․ արևմտյան վերլուծաբաններ factor tv
Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) գնահատմամբ՝ ռուսական ուժերը շարունակում են դժվարություններ ունենալ լրացուցիչ մարտունակ ստորաբաժանումներ ստեղծելու հարցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ ISW-ն բերում է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության եզրահանգումները, որոնց համաձայն՝ ռուսական բանակում բրիգադների և գնդերի հիման վրա փորձում են ստեղծել երրորդ գումարտակի տակտիկական խմբեր, մինչդեռ սովորաբար կարելի է ստեղծել միայն երկուսը, և նույնիսկ դա բազային ստորաբաժանումները թողնում է խիստ թերի անձնակազմով: Բրիտանացի զինվորականները կարծում են, որ այս երրորդ խմբերը նույնպես, ամենայն հավանականությամբ, թերզարգացած կլինեն և կապավինեն նորակոչիկներին ու մոբիլիզացված պահեստազորին, արդյունքում նրանք չեն ունենա սովորական մարտական հզորությունը: ISW-ի գնահատմամբ՝ ռուսական ռազմական արշավի հիմնական նպատակը մնում է Արևելյան Ուկրաինան, և այդ շրջանակներում Մոսկվան նախատեսում է շրջափակել ուկրաինական ուժերն Արևելյան Ուկրաինայում և ամբողջությամբ գրավել Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները։ Ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, կփորձեն հետագայում հետ մղել ուկրաինական զորքերը Խարկովի մարզի հյուսիս-արևելքում՝ կանխելու հետագա առաջխաղացումը դեպի Ռուսաստանի հետ սահման: ISW-ի վերլուծաբանները նշում են, որ ռուսական իշխանություններն օգտագործել են Ռուսաստանի օրը՝ օկուպացված տարածքներում վարչական վերահսկողությունն է՛լ ավելի ուժեղացնելու համար:
Էմմա Չոբանյան