Աղավնոն հանձնելու մասին հարցերը կարող եք տալ դարակազմիկ նախկին ղեկավարներին. Անդրանիկ Քոչարյան

Qocharyan

  «Մենք Աղավնոն չե՛նք հանձնում»։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությանը, նշել էր, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Քոչարյանի դիտարկմամբ՝ Աղավնոյի բնակիչների հարցը պետք է լուծի Արցախի իշխանությունը՝ ՀՀ-ի ակտիվ մասնակցությամբ։

«Աղավնոն հանձնելու մասին հարցերը կարող եք տալ դարակազմիկ նախկին ղեկավարներին։ Երեկ վարչապետը նաև ասաց, որ հրադադարի պայմանագրի մեջ կետ կա, ըստ որի՝ հիմա կքննարկվի և որոշում կկայացվի Լաչինի ճանապարհի հնարավորությունների մեծացման և օգտագործման վերաբերյալ՝ մեր ռազմավարական գործընկերության ակտիվ մասնակցությամբ»,- ասաց պատգամավորը:

Քոչարյանի խոսքով՝ պետք է հիշել, թե Արցախի առաջին պատերազմի ընթացքում Արցախն ու Հայաստանը միասին ինչ ճանապարհ են անցել, այդ ժամանակ՝ հրադադարից առաջ, ինչ պատկեր էր առկա։ Վերջինս շեշտեց՝ որպեսզի երկրի առջև ծառացած խնդիրները լուծվեն, կարևոր է, որ համերաշխության մթնոլորտ լինի։

Խոսելով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպման մասին՝ Քոչարյանը ընդգծեց՝ հանդիպումների ընթացքում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք հանրությանը դեռևս ներկայացնելու փուլում չեն։ Երբ անհրաժեշտությունը լինի, հանրությունը կտեղեկանա, թե որ փուլին է հասել։

«Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն։ Ընդհանրապես հարաբերությունների կարգավորումը կմեղմի այն բոլոր ռիսկերը, որոնք վտանգ են ներկայացնում մեր երկրի և Արցախի համար»,- նշեց նա։

Անդրադառնալով վարչապետի երեկ հնչեցրած այն հայտարարությանը, թե Ադրբեջանը կաթիլ-կաթիլ փորձում է կուտակել նոր պատերազմի լեգիտիմություն՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այս պահին պատերազմի վտանգ չենք տեսնում, և վարչապետը արձանագրեց «այս պահին» ձևակերպումը։ Այս պահին մենք չենք տեսնում սահմանի երկայնքով որոշակի լարվածության օջախներ, բայց պետք է մեր բոլոր ռեֆորմների իրականացման գործողությունների տեսանկյունից անենք այնպիսի արագ արդյունք տվող գործողություններ, որպեսզի մեր կորուստները 44-օրյա պատերազմից հետո հստակ ընթացք ունենան վերականգնվելու համար»։

Ձեզ կհետաքրքրի...