Էստոնիայի խորհրդարանի խոսնակի՝ Շուշի կատարած այցը ծայրահեղ մտահոգիչ է. Ալեն Սիմոնյանը՝ Էստոնիայի դեսպանին

Estonia

  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 8-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության առաջնահերթություններն ու խորհրդարանական դիվանագիտության շրջանակում համագործակցության շարունակականությունը:

«Մենք մշտապես հետևում ենք Էստոնիայի խորհրդարանի գործունեությանը և չափազանց կարևորում մեզ համար զգայուն հարցերի շուրջ ցանկացած հայտարարություն կամ որևէ այլ դրսևորում»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Նա անդրադարձել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի՝ այս տարվա մայիսի 24-ին Շուշի կատարած այցին՝ այն որակելով ծայրահեղ մտահոգիչ:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հայաթափված Շուշիում պարոն Ռատասի կողմից արված հայտարարությունները ոչ միայն չեն արտացոլում մեր երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների շունչը, այլև հակասում են Էստոնիայի պաշտոնական աջակցությանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Նա տեղեկացրել է դեսպանին, որ այդ կապակցությամբ նամակ է հղել Էստոնիայի խորհրդարանի խոսնակին, որում բացատրել է հակամարտության էությունը և 2020 թ. աղետալի պատերազմի հետևանքները:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ էստոնացի գործընկերն առաջիկայում կայցելի Հայաստան և տեղում կծանոթանա իրավիճակին, նաև կհանդիպի Լեռնային Ղարաբաղը ներկայացնող պաշտոնյաների հետ:

Էստոնիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի Էստոնիայի խորհրդարանի խոսնակի հետ քննարկելու առաջացած բոլոր հարցերը:

Նա ԱԺ նախագահին է փոխանցել Էստոնիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը կրկնել է էստոնացի գործընկերոջը Հայաստանում տեսնելու ցանկությունը և սիրով ընդունել փոխադարձ հրավերը:

Ձեզ կհետաքրքրի...