Համալսարանական մասնագետների շնորհիվ օձի խայթոցից կրկին վերականգնվել է երեխայի առողջությունը
Ամռան ամիսներին օձի խայթոցների դեպքերը շատանում են: Համալսարանական մասնագետների շնորհիվ օձի խայթոցից կրկին վերականգնվել է երեխայի առողջություն:
Կոտայքի մարզի Զովունի գյուղից 9-ամյա երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Օձը խայթել է ձախ սրունքի շրջանում, վերջույթը կապտել է, այտուցվել: Համալսարանական հիվանդանոցային համալիրում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, տրվել է հակաթույն՝ կանխարգելելու թույնի սիստեմոտոքսիկ ազդեցությունը:
Երեխայի վիճակն այժմ բավարար է, բուժումը շարունակում է համալսարանական կլինիկայում, արյան շրջանառությունը լավացնելու համար անցնում է նաև բարոթերապիայի սեանսներ:
Մասնագետները խորհուրդ են տալիս առավել զգոն լինել ամռանը և թունավոր օձի խայթոցի դեպքում, նախքան հիվանդանոց հասցնելը, ցուցաբերել առաջին բուժօգնություն: Ստորև ներկայացնում ենք ՝ ինչպես պետք է վարվել օձի խայթոցի դեպքում:
Օձի խայթելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։
Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը։
Եթե օձը խայթել է վերջույթը ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր։
Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան։
Թունավոր օձի խայթելու դեպքում ճշմարիտ է հետևյալ ասացվածքը՝ «Օձի կծածը բուժելու ամենաարդյունավետ միջոցը ավտոմեքենայի բանալիներն են»։ Ժամանակն այս դեպքում ամենաորոշիչ գործոնն է։ Շատ կարևոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել առանց խուճապի մատնվելու՝ բացառելով տուժածի ցանկացած շարժում։ Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն։
Չի կարելի արտածծել թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ։
Խայթած հատվածի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը։
Մի օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել։
Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։
Տուժածին մի տվեք ոգելից խմիչքներ. դրանք ևս արագանցում են արյան շրջանառությունը։