Թուրքիայի փոխարտգործնախարար Քըրան․ Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակցությունն ընդլայնվում է

ta

  Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը նախորդ շաբաթվա վերջին խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակցության մակարդակն էլ ավելի է խորանալու։

Տեղեկացնելով, որ Ադրբեջանի իրավապահ մարմինների հետ համատեղ պայքար են մղում ահաբեկչության, թմրանյութերի, մաքսանենգության, կազմակերպված հանցագործությունների դեմ՝ Քըրանը նշել է, որ գնահատվում են Ադրբեջանի հետ աղետների և արտակարգ իրավիճակներում ևս նոր համագործակցության հնարավորությունները։

Թուրքիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ թարմացվելու է 2013 թվականին Ադրբեջանի հետ կնքված «Անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագիրը»։

Նրա խոսքով՝ մարդկանց թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի հետ մեկտեղ որոշվել է միասին հետամուտ լինել հարկադիր աշխատանքի, կրոնական արմատականության համատեքստում կատարված հանցագործություններին նույնպես։ Պայմանագրում հավելվելու են երկկողմ նոր համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ահաբեկչությունը, լրտեսությունը, քաղաքացիների կյանքին, առողջությանը, պատվին և արժանապատվությանն ուղղված հանցագործությունները, սեփականության դեմ հանցագործությունները և այլն։

Քըրանն ընդգծել է, որ պայմանագրում կրթության և համատեղ օպերացիաների հետ կապված դրույթներում «ոստիկանություն» եզրույթը փոխարինվելու է «իրավապահ» եզրույթով։ Այդպիսով դրանցում ներառվելու են ժանդարմերիան և առափնյա անվտանգության ուժերը, ընդլայնվելու է համագործակցությունը։

Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...