Ներկրված երեք ավտոբուսները կշահագործվեն առաջիկա օրերին, դրանք կտեղավորեն 90 մարդ, ուղեվարձը կլինի 100 դրամ
Գերմանիայից «Բաս Վոյաժի» ներկրած երեք նոր քաղաքային ավտոբուսներից մեկն արդեն Երեւանում է, իսկ մեկ կամ երկու օրից այստեղ կլինեն նաեւ մյուս երկուսը:
«Բաս Վոյաժ» ընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ ավտոբուսներից երկուսը դեռ սահմանին են, պետական գրանցում անելուց հետո՝ երկուշաբթի, արդեն Երեւանում կլինեն, ըստ այդմ՝ նաեւ երթուղում: Առաջինը Հայաստան հասած ավտոբուսը կշահագործվի արդեն մեկ-երկու օրից: Այն կսպասարկի համար 45 երթուղին:
Իսկ թե որ երթուղին կսպասարկեն մյուս երկուսը, Տիգրան Հարությունյանը դժվարացավ ասել. «Դեռ չեմ կարող ասել, ավտոբուսները մեծ են, որտեղ որ ուղեւորահոսքը շատ է, կսպասարկեն այդ տարածքը, միգուցե Մասիվ գնան, կամ Նորք-Մարաշ, մի խոսքով, դեռ պարզ չէ»:
Թե ներկրված ավտոբուսները քանի նստատեղ ունեն, «Բաս Վոյաժ» ընկերության տնօրենը դժվարացավ պատասխանել: Բայց նշեց, որ նստած եւ կանգնած վիճակում տեղավորում են մոտ 90 մարդ: Տիգրան Հարությունյանի վստահեցմամբ՝ նոր ավտոբուսները մեր քաղաքային սովորական ավտոբուսներից բավականին տարբեր են ու հարմարավետ: Աստիճանավանդակ չունեն, ուղեւորը մայթից միանգամից ոտքը դնում է տրանսպորտ, եթե անգամ ձեռքերում երկու ուղեբեռ ունենա, հեշտությամբ կմտնի, քանի որ ավտոբուսի դռները բավականին լայն են: Ավտոբուսները հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված անկյուն ունեն, խնդիր ունեցող անձն առանց որեւէ մեկի օգնության անվասայլակով կարող է միանգամից ավտոբուս նստել:
Հագեցած եւ հարմարավետ այս ավտոբուսների ուղեվարձը նույնն է լինելու, ինչ քաղաքային տրանսպորտինը՝ 100 դրամ: «Ճիշտ է, ավտոբուսներն օգտագործված են, բայց շատ թարմ ու լավ վիճակում են, գազով են աշխատում, կարծում եմ՝ եկամտաբերությունը եւս նորմալ կլինի»,- ասաց տնօրենը:
Հետաքրքրվեցինք, թե վաղո՞ւց կար ավտոբուսներ ներկրելու այս որոշումը, կամ գուցե առաջարկը Երեւանի քաղաքապետարանից է եղել: Տիգրան Հարությունյանն ասաց, որ քաղաքապետարանին իրենք են առաջարկել: «Քաղաքապետարանն առաջարկը չընդունելու պատճառ չի էլ ունեցել, քանի որ դրա կարիքը մայրաքաղաքն ուներ: Իսկ նպատակ միշտ էլ եղել է, այն ժամանակ էլ էինք ուզում, բայց մի բան հեռու էր պահում, հիմա երբ իշխանությունը փոխվել է, օրենքները, մոտեցումները փոխվել են, արդեն կարելի եղավ: Ուզում եմ, որ ուրիշ ներդրողներ եւ սեփականատերեր էլ շահագրգռվեն ու նայելով ինձ՝ նրանք էլ քայլեր ձեռնարկեն»,- ասաց նա:
Տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչ գներով են ավտոբուսները Գերմանիայից ձեռք բերվել, վերջինս ասաց, որ բավականին մատչելի են.«Երեւան հասցնելու ծախսերը ներառյալ ամեն մի ավտոբուսը մոտավորապես 30 հազար դոլարին համարժեք գումար է արժեցել: Ավտոբուսները նոր չեն՝ 10 տարեկան են»: