Գրիպի դեմ ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է. ֆրանսիական պատվաստանյութը Հայաստան կհասնի առաջիկա օրերին

Գրիպի եւ սուր շնչառական վարակների 2019-2020 թվականների սեզոնն սկսվել է, սակայն հանրապետության տարածքում դեռեւս գրիպ հիվանդության վիրուս չկա, փոխարենը շրջանառվում են պարագրիպի, ռինովիրուսի, բոկավիրուսի հարուցիչներ:

Թեեւ երկրում գրիպի վիրուսի հարուցիչներ դեռեւս չկան, Առողջապահության նախարարությունը հորդորում է զգոն լինել եւ հիշեցնում, որ այն կանխարգելելու լավագույն միջոցը պատվաստումն է:

Ե՞րբ եւ որտե՞ղ պատվաստվել, արդյո՞ք այն անվտանգ է, ովքե՞ր են գտնվում ռիսկային խմբում. հարցերի մասին զրուցել ենք ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի հետ:

Ինչո՞ւ պատվաստվել:

«Անհրաժեշտ է պատվաստվել, որովհետեւ այն գրիպից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցն է, որպեսզի կարողանանք կանխարգելել գրիպի հիվանդացությունը, հիվանդության ծանր ձեւերը, որոնց ենթակա են ռիսկի խմբերում գտնվող մարդիկ՝ մինչեւ 5 տարեկան երեխաները, տարեցները, խրոնիկ հիվանդություն ունեցող անձինք (սիրտ-անոթային, թոքերի, երիկամների հիվանդություն ունեցողները, ինչպես նաեւ բուժաշխատողները, որովհետեւ իրենց մասնագիտական աշխատանքից ելնելով՝ շարունակ շփվում են հիվանդների հետ: Ռիսկի խմբում են գտնվում նաեւ փակ կոլեկտիվներում, հատուկ խնամքի կենտրոններում գտնվող անձինք՝ տարեցները, զինվորները, երեխաները: Հատկապես անհրաժեշտ է, որ պատվաստվեն հղիները: Այն ցուցված է հղիության ցանկացած փուլում: Հայաստանում ապագա մայրիկներին խուսափում են պատվաստել, քանի որ փորձում են ամեն տեսակի միջամտությունից հեռու պահել, սակայն դա շատ սխալ մոտեցում է, քանի որ, եթե մենք փորձում ենք պաշտպանել, ապա պետք է պաշտպանենք նաեւ այս ձեւով, որպեսզի վերջինս տանի առողջ հղիություն եւ առողջ բալիկ ունենա: Այսպես պաշտպանում ենք ոչ միայն հղիին, այլեւ բալիկին»,- մեզ հետ զրույցում ասում է առողջապահության նախարարության մասնագետը:

Ովքե՞ր կարող են պատվաստվել եւ ե՞րբ:

«Պատվաստման լավագույն ժամանակը գրիպի սեզոնից առաջ ընկած ժամանակահատվածն է, սակայն դեռեւս պատվաստանյութը Հայաստան չի հասել: Ուշացման պատճառը գլոբալ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գրիպի շրջատիպերի բաղադրիչներն ուշ է կազմել եւ ներկայացրել արտադրողներին, որոնք չեն հասցրել ժամանակին մշակել դրանք: Քանի որ գրիպի շրջանառություն չունենք, իսկ եղանակն էլ բարենպաստ է, այս առումով հանգիստ ենք: Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում պատվաստանյութն արդեն կլինի: Այն ցուցված է բոլորին, հատկապես ռիսկի խմբում գտնվող մարդկանց: Չեն կարող պատվաստվել այն մարդիկ, որոնք տվյալ պահին ունեն սուր հիվանդություն կամ նախկինում տվյալ պատվաստանյութից ունեցել են ծանր ալերգաբանական ռեակցիա: Մնացած դեպքերում բոլորին ցուցված է, նույնիսկ խրոնիկ հիվանդներին, ալերգիան նույնպես հակացուցում չէ: Ցանկացած դեղորայք կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել, բայց՝ աննշան: Նախորդ տարի գրիպի դեմ իրականացրած 90.000 պատվաստումներից որեւէ լուրջ հետպատվաստումային ռեակցիա չի եղել»,- նկատում է Սվետլանա Գրիգորյանը:

Արդյո՞ք անվտանգ են պատվաստումները:

«Պատվաստանյութերն անվտանգ են, դրանցից հնարավոր չէ ո՛չ գրիպով վարակվել, ո՛չ էլ, որպես կանոն, առաջացնում են ծանր ալերգաբանական ռեակցիաներ: Այսօր դրանք պահվում են բժշկական ամբուլատորիաներում, որտեղ կան հատուկ սառնարաններ: Այնտեղ իրականացվում է ջերմաստիճանի շուրջօրա մշտադիտարկում: Յուրաքանչյուր անձ կարող է պատվաստվելուց առաջ նայել, համոզվել, թե այն ինչ պիտանելիության ժամկետ ունի»,- տեղեկացնում է մեր զրուցակիցը:

Եթե պատվաստվել եմ, կարո՞ղ եմ նորից հիվանդանալ:

«Գրիպի դեմ յուրաքանչյուր տարի պետք է պատվաստվել: Ամեն տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանվում է, թե տվյալ սեզոնին հիվանդության ինչ տիպեր են շրջանառվելու, ու դրան համապատասխան նոր պատվաստանյութ է սինթեզվում եւ մշակվում: Պատվաստանյութի պիտանելիության ժամկետը 1 տարի է, ոչ թե այն պատճառով, որ այն այլեւս ենթակա չի լինի օգտագործման, այլ, որովհետեւ մյուս տարի կարող են այլ տեսակի վիրուսներ շրջանառվել: Պատվաստանյութը նախատեսված է լինում այդ տարի տարածված 4 շրջատիպի վիրուսների դեմ»,- մանրամասնում է Գրիգորյանը:

Արդյոք Հայաստանում պատվաստվողների թիվն ավելացե՞լ է:

«Յուրաքանչյուր տարի մենք տեսնում ենք բնակչության նկատմամբ պահանջարկի բարձրացում, այս տարի դեռեւս Հայաստանի պոլիկլինիկաներում գրիպի դեմ պատվաստանյութը չկա, սակայն արդեն զանգեր ենք ստանում. բնակիչները ցանկանում են իմանալ՝ երբ կլինի, որ գնան պատվաստվեն: Կոնկրետ այս պատվաստանյութը ֆրանսիական «Սանոֆի» կազմակերպությունից կստանանք: Նախատեսվել է 160.000 դեղաչափ բերել: Այսօր պոլիկլինիկաներում այդ ծառայությունն անվճար է: Պահանջարկն ավելանում է մեր հետեւողական աշխատանքի, իրազեկման շնորհիվ»:

Անի Ավագյան

 

armtimes.com