Մխիթարյանը հեղինակավոր պարբերականին պատմել է՝ ինչու չի կարողացել մեկնել Ադրբեջան

«Ռոմա»-ի կիսպաշտպան Հներիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչպես է ստացվել, որ չի կարողացել մեկնել Ադրբեջան: 2018-19 մրցաշրջանում նրա նախկին թիմը՝ «Արսենալ»-ը, հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Չելսի»-ի դեմ: Եզրափակիչը Բաքվում էր, եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը չկարողացավ գնալ ու օգնել իր խաղընկերներին, քանի որ հարեւան երկիրը չապահովեց նրա անվտանգությունը: Մխիթարյանն այս թեմայով խոսել է հեղինակավոր Four Four Two պարբերականի հետ: Հարցազրույցից մի հատված համացանցում տարածվել էր մի քանի օր առաջ, այժմ կան նաեւ այլ մանրամասներ: Ֆուտբոլիստը պատասխանել է նաեւ Անգլիայում անցկացրած իր ժամանակի, նախկին մարզիչների մասին հարցերին, պարզաբանել է՝ ինչու է հեռացել Լոնդոնից:

— Ինչպե՞ս եք զգում Հռոմում:

— Շատ լավ: Ակումբն ու քաղաքը մեծ պատմություն ունեն: Եղանակը նման է Հայաստանի եղանակին, այնտեղ մեզ մոտ տարվա ընթացքում 300 օր արեւ է: Մարդիկ էլ նման են իմ համերկրացիներին՝ զվարճալի են, հեգնանքով եւ նմանատիպ մենթալիտետ ունեն: Հետեւաբար ես ինձ լավ եմ զգում, սակայն այստեղ որպես զբոսաշրջիկ չեմ եկել: Այստեղ եմ, որպեսզի օգնեմ «Ռոմա»-ին արդյունքների հասնել:

— 7 լեզվով եք խոսում: Ինչպե՞ս է ընթանում 8-րդը սովորելը:

— Կանգ առա վնասվածք ստանալուց հետո, որպեսզի կենտրոնանամ եւ ավելի արագ ապաքինվեմ, սակայն ազատ ժամանակ փորձում եմ լավացնել իտալերենս: Դժվար է, բայց չպետք է անհարմար զգաս սխալներ անելիս, առանց սխալների հաջողության չես հասնի:

— Ինչպե՞ս սկսվեցին բանակցությունները «Ռոմա»-ի հետ:

— Գործակալս տրանսֆերի մասին ինձ պատմեց սեպտեմբերի 1-ին: Քանի որ կորցնելու բան չունեի «Արսենալ»-ը թողնելով, ասացի՝ այո՛: Երջանիկ եմ, որ այստեղ եմ:

— Ինչպե՞ս կգնահատեք Անգլիայում անցկացրած ժամանակը:

— Պրեմիեր լիգայում խաղալն իմ երազանքն էր, եւ ես իրականացրի այն: Ես անցկացրեցի որոշ լավ եւ որոշ ոչ այնքան լավ խաղեր, եւ դա նորմալ է: Դժվար է կայուն խաղ ցուցադրել, երբ երբեմն խաղում ես, երբեմն՝ ոչ, քանի որ այդպես այնքան էլ լավ չես հասկանում՝ ինչ է կատարվում: «Մանչեստեր Յունայթեդ»-ի հետ մենք հաղթեցինք Եվրոպա լիգայում: Այնտեղ բարդ էր, որովհետեւ 25 խաղացող կար, եւ բոլորը ցանկանում էին խաղալ: Հիանալի ժամանակաշրջան էր, բայց ես ցանկանում էի ավելի շատ խաղալ, հետեւաբար տեղափոխվեցի «Արսենալ»:

— Նկարագրեք Արսեն Վենգերի մոտեցումները:

— Նրա ղեկավարությամբ խաղալը հաճույք էր: Նա բոլոր խաղացողներին ասում էր. «Ֆուտբոլ խաղացեք եւ հաճույք ստացեք, եթե ինչ-որ բան եք անում եւ հաճույք եք ստանում դրանից, ուրեմն ճիշտ եք անում»: Նրա հետ 6 ամիս անցկացրեցի «Արսենալ»-ում: Նրա հրաժարականը շոկ էր բոլորի համար, իսկ ես էլ այն տղան էի, որն «Արսենալ» էր գնացել, քանի որ Վենգերն էր ցանկացել: Ամեն դեպքում սա ֆուտբոլ է. պետք է պատրաստ լինես ամեն ինչի:

— Ինչպե՞ս էր Ունաի Էմերիի ղեկավարությամբ խաղալը, երբ նա փոխարինեց Վենգերին:

— Նա ավելի մեծ ուշադրություն էր դարձնում տակտիկային, եւ հետեւաբար իմ դերը փոխվեց: Այդ պատճառով էլ չէի կարողանում շատ գոլեր խփել ու գոլային փոխանցումներ կատարել: Ես սիրում եմ ավելի ազատ լինել խաղադաշտում եւ շարժվել այնտեղ, որտեղ ազատ տարածություններ կան, սակայն դու պետք է անես այն, ինչ մարզիչն է ասում. թիմի հաղթանակն ավելի կարեւոր է, քան քո անձնական նախասիրությունները: Նրա հետ աշխատելը մեծ փորձ էր, քանի որ նա իմ կարիերայի առաջին իսպանացի մարզիչն էր, իսկ իսպանական ֆուտբոլում տեխնիկան մեծ տեղ ունի:

— Որքանո՞վ էր բարդ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների պատճառով Եվրոպա լիգայի եզրափակիչը բաց թողնելը:

— Դա իմ 2-րդ եզրափակիչ էր Եվրոպա լիգայում: Պատկերացրեք, որ խաղացողը երբեք չի խաղացել եզրափակչում ու չի կարողանում գնալ քաղաքական պատճառներով: Շատ ցավալի է: Չեմ կարող ասել, որ կարող էի փոխել հաշիվը, որը 4:1 էր, բայց շատ վատ էի զգում: Տանը նայում էի հանդիպումը ու չէի կարող օգնել: Չեմ ցանկանա, որ ուրիշ ֆուտբոլիստների հետ նման բան լինի:

— Կարո՞ղ էր ՈՒԵՖԱ-ն ավելի անել, օրինակ, փոխելով մրցավայրը:

— Միակ միջոցը, որով կարող էին օգնել ինձ, եզրափակչի վայրը փոխելն էր: Եթե խաղացողը կամ թիմը փոքր շանս ունի մեկնելու երկիր, որի հետ քաղաքական լավ հարաբերություններ չկան, երեւի, ավելի լավ է չմեկնի: Օրինակ, եթե ռուսական թիմը հայտնվեր Չեմպիոնների լիգայի եզրափակչում, իսկ եզրափակիչը նախատեսված լիներ Ուկրաինայում, դա բավական բարդ կլիներ: Ես ստիպված էի բաց թողնել կյանքիս ամենակարեւոր իրադարձություններից մեկը, քանի որ որոշ մարդիկ չգնահատեցին իրավիճակը:

— Ադրբեջանի իշխանությունները վստահեցնում էին, որ այնտեղ ապահով էր եւ կարող էիք խաղալ:

— Դե, դա այդպես չէր առաջին անգամ, երբ իմ թիմը խաղաց ադրբեջանական թիմի դեմ: Մի անգամ Դորտմունդի «Բորուսիա»-ն խաղաց «Գաբալա»-ի դեմ, եւս մեկ խաղ էլ տեղի ունեցավ «Արսենալ»-ի ու «Քարաբա»-ի միջեւ: Այդ 2 խաղերի համար ես Ադրբեջան գնալու թույլտվություն չստացա, հետո չգիտես՝ ինչպես նրանք ասացին, որ Եվրոպա լիգայի եզրափակչի համար թույլատրում են: Բայց ես չեմ ցանկանում խոսել այս մասին, քանի որ շատ բաներ կան, որոնք մարդիկ չեն հասկանա: Ինձ իսկապես ցավ պատճառեց այն, որ զրկվեցի ֆուտբոլ խաղալու հնարավորությունից:

— Մյուս խաղերի համար էլ թույլ չտվեցի՞ն Ադրբեջան գնալ:

— Եկեք չխոսենք այդ մասին:

— Ինչո՞ւ հեռացաք «Արսենալ»-ից:

— Ես գիտեմ իմ որակները եւ այն, թե ինչ կարող եմ անել: Գուցե ես չէի կարող ընդունել այն, որ շատ խաղերի ընթացքում պետք է մնայի պահեստայինների նստարանին: Ես 30 տարեկան եմ եւ սիրում եմ ֆուտբոլ խաղալ, ոչ թե կողքից նայել ու ժամանակ վատնել: Էմերին ու մարզական տնօրենն ինձ վստահեցնում էին, որ ես անհրաժեշտ եմ «Արսենալ»-ին, սակայն ես պայմանագիր կնքեցի «Ռոմա»-ի հետ, քանի որ նրանք ինձ ավելի շատ էին հավատում:

— Մտածե՞լ եք «Ռոմա»-ի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:

— Վարձակալության այս պայմանագիրը նախատեսված է 1 տարվա համար, սակայն ամեն ինչ էլ հնարավոր է, եւ ես չեմ փակում դռները: Հիմա ես երջանիկ եմ Հռոմում: Մրցաշրջանի վերջում մենք կարող ենք քննարկել ու որոշել ինչ անել:

 

 

 

 

 

 

 

armtimes.com