«Մեծն Հեյդար Ալիևի՝ խորհրդային Ադրբեջանը ղեկավարելու տարիներին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչության թվաքանակը հասել էր 30 տոկոսի», — նախօրեին Սումգայիթ այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Եթե 1982-ին Հեյդար Ալիևը չմեկներ Մոսկվա և շարունակեր աշխատել Ադրբեջանում, ապա ադրբեջանցիների թիվը Լեռնային Ղարաբաղում 10 տարում կարող էր գերազանցել 50 տոկոսը», — նշել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը Սումգայիթում մասնակցել է քաղաքի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառումներին՝ անդրադառնալով նաև այս քաղաքում 1988-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին:
«Սումգայիթում 1988 թվականին տեղի ունեցած անկարգությունները կազմակերպել էին հայ ազգայնականները», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ալիևի խոսքով՝ Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունները «հայ ազգայնականների սադրանքն էին»: «Մենք այդ մասին պետք է բացահայտ կերպով խոսենք, որովհետև երկար տարիներ է, ինչ հայ ազգայնականները փորձում են վատաբանել, վարկաբեկել Սումգայիթը», — ասում էր Ադրբեջանի նախագահը: