Նախատեսվում է վերացնել ավտոմոբիլային տրանսպորտի պարտադիր տեխնիկական զննությունը

Ազգային Ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը և Արթուր Գրիգորյանը առաջարկում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ ավտոմոբիլային տրանսպորտ փոխադրողը պարտավոր կլինի  ապահովել օրենքով սահմանված կարգով դրանց օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացված օրենսդրական փաթեթի միջոցով նախատեսվում է վերացնել պարտադիր տեխնիկական զննությունը թե դրա թերակատարման, թե հնարավոր կոռուպցիոն գործարքների բացառման նպատակով:

Նախատեսվում է նվազեցնել ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկի չափը ՀՀ-ում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների համար, դրա համար սահմանելով նոր դրույքաչափ՝ պայմանավորված ավտոտրանսպորտային միջոցի շարժիչային վառելիքի տեսակով, ինչը հիմնավորվում է նրանով, որ մթնոլորտային օդի աղտոտումը ուղղակիորեն փոխկապակցված է վառելիքի տեսակից: Այսպես բենզինով կամ գազով (այդ թվում՝ հեղուկ գազով) շահագործվող ավտոտրանսպորտային միջոցները էականորեն քիչ են աղտոտում շրջակա միջավայրը, քան դիզելային վառելիքով շահագործվողները, այդ իսկ պատճառով դրանց համար սահմանված են տարբեր դրույքաչափերի բնապահպանական հարկեր:

Սույն փոփոխությունների շնորհիվ մի կողմից կնվազի քաղաքացու հարկային և վճարային բեռը, մյուս կողմից կմեծանա ՀՀ բյուջե մուտքը, այսինքն տեղի կունենա առկա ֆինանսատնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարում:

 

 

 

iravaban.net