Ադրբեջանցի պատգամավորներն այսօր կողմ են քվեարկել երկրի խորհրդարանի` Միլի մեջլիսի ինքնալուծարման օգտին:
Նախագահ Իլհամ Ալիևի կողմից խորհրդարանը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու օգտին են արտահայտվել խորհրդարանի 125 պատգամավորներից 99-ը:
Խորհրդարանը լուծարելու նախաձեռնությամբ նախորդ շաբաթ հանդես էր եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը:
Ադրբեջանի խորհրդարանի կազմում 125 պատգամավոր կա, նրանք ընտրվում են 5 տարի ժամկետով: Ներկայիս խորհրդարանը ընտրվել է 2015 թվականի աշնանը:
Ադրբեջանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի լուծարման դեպքում արտահերթ ընտրությունները նշանակվում են ոչ շուտ քան 60 օրվա ընթացքում: Այսպիսով, վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները Ադրբեջանում, ըստ ամենայնի, տեղի կունենան հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Օրենքի համաձայն՝ Ադրբեջանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային հաջորդ տարվա աշնանը:
Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած քաղաքական ուժը՝ «Ենի Ազերբայջան»-ը, որի ձեռքում է 125 մանդատներից 70-ը, անցյալ շաբաթ հայտարարեց, թե ցանկանում են լուծարել իրենց վերահսկողության տակ գտնվող օրենսդիր մարմինը, որը, ինչպես պնդում են, խանգարում է երկրի առաջնորդի բարեփոխումներին: Ալիևի կուսակից պատգամավորները, սակայն, չեն մանրամասնել, թե ինչպես են հատկապես խոչընդոտում կառավարության քայլերին և ինչ նկատի ունեն բարեփոխումներ ասելով:
azatutyun.am