Լուսանկարը «Հետք»-ի
Երեկ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի պարտված միակ թեկնածուն՝ Սլավիկ Սալոյանը, պատրաստվում է առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններում կրկին իր թեկնածությունը դնել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ինքը Սալոյանը:
Նշենք, որ երեկ ՏԻՄ ընտրություններում Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ եւ համայնքի ղեկավարի միակ թեկնածու Սլավիկ Սալոյանը (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ եւ 13 դեմ ձայնով:
Սալոյանը պատասխանել է ՀԺ-ի մի քանի հարցերին:
— Պարո՛ն Սալոյան, ինչպե՞ս է ստացվել, որ լինելով ընտրություններում միակ թեկնածուն՝ պարտվել եք:
— Որովհետեւ ժողովուրդը կանգնեց ասաց՝ մեր ջրի հարցը չես լուծել: Մինչեւ այդ՝ ձայն չէին հանում, վերջին օրը եկան ասացին:
— Նախընտրական ծրագրեր ներկայացրե՞լ էիք, թե՞ միակ թեկնածուն էիք՝ վստահ էիք, որ հաղթելու եք:
— Ծրագրեր ունեցել եմ: Թղթերը բոլորի մոտ էին, որտեղ գրված էր՝ եկող տարվա գարնանը խմելու ջրի հարցով աշխատանքներ են իրականացվելու:
— Քանի՞ տարի է համայնքը ղեկավարում եք եւ քանի՞ ընտրող կա համայնքում:
— 4-րդ տարին է: Ընդհանուր թիվը 127 է, որից մոտ 40-ը հոգի Ռուսաստանում են:
— Նոր ընտրություննե՞ր են սպասվում համայնքում:
— Այո՛, հունվարի մեջ պետք է լինի՝ 40-օրյա ժամկետում:
— Անդամակցո՞ւմ եք որեւէ կուսակցության
— Ես կուսակցական եմ եղել 2016-17 թվականներին՝ ստիպողական: Գնացել ասել եմ՝ հրաժարվում եմ այդ կուսակցությունից:
— ՀՀԿ-ակա՞ն եք եղել:
— Այո՛: Հեղափոխությունից հետո եմ հրաժարվել: Ես քանի անգամ էլ դիմել էի, որ ինձ հանեն էդ կուսակցությունից: Հիմա գյուղում իմ դեմ պայքարողներն էլ ՀՀԿ-ի անդամներ են:
— Ձեզ ինչպե՞ս են ստիպել, որ դառնաք կուսակցական:
— Ասել են՝ պարտադիր է, որ դառնաք կուսակցական, որովհետեւ մենք ենք ձեր գլխի տերը:
— Ձեր 4 տարվա աշխատանքը գյուղացիներին չի՞ գոհացրել:
— Այստեղ այլ հարց է, մարդիկ ասում են՝ մեր բարեկամին պիտի չկպչես, մեր փեսային պիտի չկպչես, նա ոնց ուզի, գյուղում այդպես պիտի ապրի: Մարդիկ կան, որ անասնապահությամբ են զբաղվում, ասում են՝ պետությանը ոչ մի լումա չունենք տալու:
Նշենք, որ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ:
armtimes.am