ՊՎԾ-ն մի շարք խախտումներ է արձանագրել մետրոպոլիտենում

Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում համակարգային խախտումներ է արձանագրել գնումների գործընթացներում: Ընդհանուր չարաշահումների ծավալը կազմել է 1.2 մլրդ. դրամ:

ՊՎԾ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ մշտապես իրականացվել են ծախսեր շահագործման ժամկետն անցած վագոնների վերանորոգման նպատակով, այն դեպքում, երբ նշված միջոցների շրջանակներում հնարավոր էր ձեռք բերել նոր, ժամանակակից վագոններ: Մասնավորապես, 2011-2018 թվականների ընթացքում շահագործման ժամկետն անցած 80-ականների արտադրության հնացած վագոնների վերանորոգումների և պահեստամասերի ձեռքբերման նպատակով կատարվել է շուրջ 8.5 մլրդ դրամի ծախս կամ մեկ վագոնի վրա միջինը շուրջ 300 մլն դրամի ծախս,այն դեպքում, երբ շուրջ 600 մլն դրամով հնարավոր էր ձեռք բերել ժամանակակից, էներգախնայող, հաճախակի վերանորոգումներ չպահանջող եվրոպական արտադրության վագոններ:

Արձանագրվել են նաև մի շարք այլ խախտումներ: Մետրոպոլիտենի կողմից վրացական երկու և ռուսաստանյան երեք նորաստեղծ ընկերություններից իրականացվել են 674.0 մլն դրամի գնումներ «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 1.7 մլրդ. դրամի գնում առանց գնման որևէ ընթացակարգի:

ՓԲԸ-ի մեկ այլ ստորաբաժանման աշխատակիցները միաժամանակ աշխատել են ընկերությունում, որը ՓԲԸ-ին մատուցել է 10,130.0 հազ. դրամի ծառայություն՝ ապահովելով 9,001.3 հազ. դրամի շահույթ: Ընկերությունից գնումն իրականացվել է խախտումներով անցկացված ընթացակարգով:

Վերոգրյալ ընկերության կողմից Մետրոպոլիտենին մատակարարված օդաբաշխիչների շարժիչները եղել են հնամաշ և օգտագործված, սակայն վերջիններս ընդունվել են ՓԲԸ-ի կողմից, որի արդյունքում ՓԲԸ-ին պատճառվել է առնվազն 3.0 մլն դրամի գույքային վնաս:

Ուսումնասիրության արդյունքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվության առկայության պատճառով արդյունքները ներկայացվել են ՀՀ դատախազություն: