Ազգային ժողովը վավերացրեց շուրջ 131,5 մլն եվրո վարկ վերցնելու համաձայնագրերը

Ազգային ժողովը վավերացրեց շուրջ 131,5 մլն եվրո վարկ վերցնելու համաձայնագրերը

ejan pogh azgayin joghov

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Ասիական զարգացման բանկից, Վերականգման վարկերի բանկից և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից շուրջ 131,5 մլն եվրո գումարի չափով վարկ վերցնելու համաձայնագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայնագրերը վավերացնելու 4 նախագծերին կողմ քվեարկեցին միայն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները:

Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ 2019թ. նոյեմբերի 14-ին ստորագրած  «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրով կտրամադրի բյուջետային աջակցության վարկ` 36,506,000 եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաև զարգացնել ֆինանսական և կապիտալի շուկաները

Մեկ այլ համաձայնագրով Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին կտրամադրի 9,1 մլն եվրո վարկ:

«Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև 2019թ. նոյեմբերի 18-ին ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսվում է տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 9,1 եվրո գումարի չափով: Ծրագիրը ներառում է նախադպրոցական և բարձրագույն կրթության ու գիտության իրավական շրջանակի ընդլայնում, առողջապահական ծառայությունների, նախադպրոցական հաստատությունների հասանելիության բարելավում: Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալը՝ մոտ 3 տարի»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Վերականգնման վարկերի բանկը Հայաստանին վարկ կտրամադրի շրջակա միջավայրի պահպանության համար:

«2019թ. նոյեմբերի 11-ին է ստորագրվել Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ — Շրջակա միջավայրի պահպանություն — BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը, որով կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով: Բյուջետային աջակցության վարկը հիմնականում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում թիրախավորված քաղաքականության իրականացման հիմքով է տրվել երկրին: Վարկի ժամկետայնությունը 15 տարի է, որից արտոնյալ է 5 տարին»,- նշեց Արամ Հայրապետյանը:

Հայաստանի Հանրապետությունը 45,8 մլն եվրոյի վարկ էլ կստանա Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից:

«Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրով տրամադրվելու է բյուջետային աջակցության վարկ՝ 45.8 մլն եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի, գործընթացների և կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը: Վարկի մարման ժամկետայնությունը 25.5 տարի է, որի արտոնյալ ժամկետը 14.5 տարի է»,- ասաց Հայրապետյանը: