Կրակոցների պահին գյուղում հարսանիք էր ընթանում, բայց այն չի դադարեցվել. Կոթիի վարչական ղեկավար

Տավուշի մարզի Կոթի բնակավայրում այս պահին իրավիճակը հանգիստ է, մանկապարտեզներն ու դպրոցը գործում են: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր հակառակորդը կրակ էր բացել Իջեւան-Նոյեմբերյան մայրուղու եւ Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել էր կրակը:

Մելիքյանը մեր զրույցում նշեց, որ կրակոցները եղել են ընդհատումներով:

Հարցին՝ կրակոցների հետեւանքով վնասներ եղե՞լ են, վարչական ղեկավարը պատասխանեց. «Մարդու վնաս չի եղել, բնակիչներից էլ դեռ բողոք չեմ ստացել, որ կրակոցի հետեւանքով ինչ-որ նյութական վնաս պատճառված լինի: Եթե լինի էլ, առավելագույնը տանիքին կամ պատուհանին եղած կլինի»:

Մելիքյանը նշեց, որ կրակոցների պահին գյուղում հարսանիք էր ընթանում. «Հարսանյաց սրահը նրանց կրակած դիրքերի ուղիղ դիմացն էր: Բայց հարսանիքը չեն դադարեցրել, շարունակել են»,- ասաց նա, ապա հավելեց. «Իրենց մոտ միշտ այդպես է. հիշողության կորուստ են ունենում, երբ մի հատ լավ դաս են տալիս մերոնք, հանգստանում են: Վերջին անգամ այսպես ակտիվ եղել է 2018-ի սեպտեմբերին»:

 

 

 

armtimes.com