ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 19-ին ուժի մեջ կմտնի «ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը:
Այս առնչությամբ, ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.
«- Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՉԺՀ քաղաքացիները միմյանց երկրների տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթեւեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից (անձնագիրը պետք է ունենա առնվազն 6 ամսվա վավերականություն) մինչեւ 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում:
— Ուշադրություն. Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործելու եւ գտնվելու միմյանց երկրների տարածքում 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ մեկնել միմյանց երկրներ՝ աշխատելու, սովորելու, երկարաժամկետ բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու նպատակով, պետք է նախապես դիմեն համապատասխան երկրի դեսպանություն մուտքի արտոնագիր ստանալու համար՝ համաձայն երկու երկրների ներքին օրենքների եւ կարգավորումների:
— Ուշադրություն. 2019թ. մարտի 3-ից Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի (ՀՎՇ) միջեւ գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ 30 օր՝ ՀՀ քաղաքացիների եւ 180 օր՝ ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ անձնագրեր կրողների համար:
— Ուշադրություն. 2016թ.-ից դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաո հատուկ վարչական շրջանի (ՀՎՇ) միջեւ գործող մուտքի արտոնագրերի ազատականացման մասին համաձայնագրով երկու կողմերի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից 90 օր ժամկետով՝ 365 օր ժամանակահատվածի համար»: