ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով՝ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից տարբեր տնտեսվարող սուբյեկտներին պատկանող ավտոմատ սարքերից կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա:
Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի և Երևան քաղաքների մի խումբ բնակիչներ, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու շահադիտական նպատակով,, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2019թ. նոյեմբեր ամսին 2 օրվա ընթացքում Սյունիքի մարզի վարչական տարածքի տարբեր համայնքներում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք գործելով պահեստարան հանդիսացող ավտոմատ սարքեր, կատարել են ընդհանուր առմամբ խոշոր չափերով՝ 198.000 ՀՀ դրամ գումարի և 770.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ 6 հատ մետաղադրամի ու թղթադրամի ընդունման սարքերի գողություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Նախաքննությունը շարունակվում է:Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև վերջիններիս կողմից հնարավոր այլ համանման արարքներ կատարելու հանգամանքները պարզելու, դրանց համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: