Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. գազի պայթյունի հետևանքով տարեց ամուսինների տունը հավասարվել է հողին. վիրավորներին փլատակների տակից դուրս են բերել գյուղացիները.

 

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Զառ գյուղի Մեխանիզատորների փողոցի 19 հասցեում ուժեղ պայթյունի հետևանքով տունն ամբողջովին փլուզվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղի բնակիչները վտանգելով իրենց կյանքը, մտել են փլատակների տակ և այնտեղից դուրս բերել ամուսիններ՝ 86-ամյա Գրիշա Հայրապետյանին և 84-ամյա Քնարիկ Հայրապետյանին և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների խումբը նախ տեղում օգնություն է ցուցաբերել տուժած ամուսիններին, ապա տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրանց տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության խումբը, սակայն նրանք անելիք չեն ունեցել, քանի որ մինչ նրանց ժամանումը, գյուղի բնակիչները՝ ահել ու ջահել, ամուսիններին դուրս էին բերել փլատակների տակից: Օպերատիվորեն ժամանել է նաև Զառ վարչական շրջանի ղեկավար Լևոն Խաչատրյանը, ով տեղում տեղեկությունը փոխանցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Վերջինս, ժամանելով դեպքի վայր, հայտնել է, որ մինչ փորձաքննությունը կպարզի, թե ինչն է եղել փլուզման պատճառը, մարզպետարանը և գյուղապետարանը առաջին հերթին հետևելու են վիրավորների առողջական խնդիրների լուծմանը: Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա » ընկերության Կոտայքի մարզի ԳԳՄ-ի պատասխանատուները: Նշված փողոցում էլ գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փլուզման պատճառը եղել է գազը: Հարևանները Գ. Շամշյանի հետ զրույցում ասում էին. «8 անց կես էր, ուժեղ պայթյուն լսեցինք, այնքան ուժեղ էր, որ գյուղի մի քանի փողոցներում այդ ձայնը լսեցինք ու զգացինք ցնցումը ու արդեն ոչ մի բան մեր աչքին չէր երևում, առաջին հերթին ջահելները մտան էդ վտանգավոր փլատակների տակ ու որոնում էին տան անդամներին: Լավ էր, գյուղացիներով շուտ գտանք ու հանեցիքն նրանց: Հիմա տեղափոխել են հիվանդանոց: Հիվանդանոցային հարցերը մարզպետն ու գյուղապետը խոստացել են, որ կլուծեն, ինչին հավատում ենք, բայց ով է փոխհատուցելու էս մարդկանց կրած վնասը, ուզում ենք դա չմնա օդից կախված մի բան: Էն, որ գազի հետևանքովա եղել, դա հաստատա: Մենք որպես վարկած դա ենք ենթադրում ու եթե փորձաքննությամբ հիմնավորվի դա, ապա Գազպրոմը պարտավոր է մարդկանց փոխհատուցման խնդիրը լուծել»: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Խորեն Բարխոյանը, ինչպես նաև օպերատիվ- հետաքննչական խումբը: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

 

shamshyan.com