ԱԺ-ն միաձայն ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ միաձայն ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը։

Նախագծով, որը ներկայացրել էին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը եւ Արման Աբովյանը, առաջարկվում է ՀՀ Քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով սահմանվում է զորամասում կամ զինծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժել ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով:

Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի նկատմամբ, միեւնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը, նույն նախագծի կարգավորմամբ, պատժվելու է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվելու է ազատազրկմամբ՝ 7-12 տարի ժամկետով:

Նախագծի հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ՝ ՀՀ զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին: Նրա կարծիքով՝ մենք գործ ունենք Զինված ուժերում կարգապահության, կանոնադրական հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հետ, եւ այս հարցերը բարձրացվում են որպես հանրային պահանջ՝ Զինված ուժերում զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործություն կատարողներին ենթարկելու ավելի խիստ պատժի:

Նախագծին կողմ քվեարկեց 120 պատգամավոր։

 

 

 

 

 

 

 

 

armtimes.com