Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով լրատվամիջոցի հրապարակմանը։
««Ժողովուրդ» օրաթերթի՝ փետրվարի 5-ին հրապարակած՝ «Զինծառայողի մահից ամիսներ առաջ ահազանգ է եղել, որ պաշտոնյաների տղաները զորամասում նեղացնում են մյուսներին. Նոր իրավիճակ» վերնագրով հոդվածի առնչությամբ ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է.
2019 թվականի հոկտեմբերի 30-ին ստացվել է նշված զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Չ.-ի հարազատներից մեկի (մորաքրոջ) ահազանգն առ այն, որ, իր տեղեկություններով, զինծառայողը պարբերաբար ծեծի է ենթարկվում համածառայակիցների կողմից և փախուստի փորձ է կատարել։
Ահազանգից անմիջապես հետո զորամասի հրամանատարության կողմից անց է կացվել ծառայողական քննություն, ինչպես նաև բողոքի հանգամանքները ճշտելու համար կապ է հաստատվել նշված զինվորի հարազատների հետ, իսկ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի կողմից նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է կայազորի քննչական բաժին, այնուհետև կարճվել՝ հանցադեպի բացակայության հիմքով»։