Զորամասի հրամանատար, գնդապետ Երվանդ Գալստյանը նոր մարդ չէ բանակում: Նա Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի առաջին շրջանավարտներից է: Այն ավարտելուց հետո ստացել է լեյտենանտի ուսադիրները և… անցել զինվորականի տպավորիչ ճանապարհ՝ դասակի հրամանատարից մինչև լեռնահրաձգային գնդի հրամանատար: Անցած տարիների ծառայությունը ամենևին էլ հեշտ ու դյուրին չի եղել: Ինչպես ինքն է ասում` զինվորականի ուղին ոչ մի ժամանակներում էլ անխութ չի լինում: Եվ նա որտեղ էլ որ ծառայել է, ծառայել է անմնացորդ նվիրումով:
Չորս ամիս առաջ է նրան վստահվել այս զորամասի հրամանատարի բարձր և անչափ պատասխանատու պաշտոնը:
-Պարոն գնդապետ, շտաբի պետ, փոխգնդապետ Արմեն Գասպարյանի հետ զրույցից տեղեկացանք, որ պայմանագրային ծառայության անցնելու նպատակով զորամասի հրամանատարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում: Փաստորեն, ծառայության այս տեսակը սկսել է գրավել ժամկետային ծառայությունն ավարտած շատ ու շատ երիտասարդների: Ըստ Ձեզ` ինչո՞վ է սա պայմանավորված:
-Առաջին հերթին՝ մեր երիտասարդների հայրենասիրությամբ ու հայրենապաշտությամբ, ինչն անժխտելի է և վճռորոշ գործոն է: Ծառայության համար ստեղծված լավ պայմաններով: Ինչ նկատի ունեմ լավ պայմաններ ասելով. նախ՝ բարձր ու կայուն աշխատավարձը, որը, կարծեմ, ավելի կբարձրանա, բազմատեսակ ու բարձր կալորիականություն պարունակող սնունդը և որակյալ հանդերձանքը, որ տարեցտարի ավելի է թարմացվում և որակապես կատարելագործվում: Սրանք են այն հիմնական խթանիչները, որ մեր երիտասարդներին բերում են բանակ: Միայն այս տարի չորս տասնյակից ավելի երիտասարդներ են անցել պայմանագրային ծառայության, և մոտ երեք տասնյակին էլ միջնորդագրեր ենք տվել: Քիչ առաջ ես զրույց ունեցա չորս երիտասարդների հետ. երկուսը եղբայրներ են՝ Վարդենիսից, մեկը տանկիստ է, մյուսը՝ մոտոհրաձիգ, իսկ մյուս երկուսը մասնագիտությամբ մոտոհրաձիգ ու կապավոր են: Տղաները լավ տպավորություն թողեցին նախևառաջ իրենց մասնագիտական գիտելիքների պաշարով: Այդ կարծիքին են նաև իմ տեղակալները, ովքեր զրուցել են նրանց հետ: Քիչ չեն նաև արտերկրից եկողները: Իմիջիայլոց, մեր կողմերում էապես նվազել է արտագնա աշխատանքի գնացողների թիվը հենց պայմանագրային ծառայության շնորհիվ:
-Ի դեպ, առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող տղաների հետ էլ այս հարցերի շուրջ անմիջական զրույց ծավալվեց, և նրանք էլ նշեցին, որ շատ բան է փոխվել դեպի լավը: Հերթափոխը մեկ ամիս դիրքերում է, երկու ամիս՝ տանը… Աշխատավարձից էլ դժգոհ չէին: Կատակով ասում էին, որ եթե հետագայում էլ աշխատավարձը բարձրանա, օտարության մեջ էլ հայ չի մնա…
-Տեսե՛ք, հերթափոխը մեկ ամիս մարտական դիրքերում է, ինչի համար ստանում է համապատասխան աշխատավարձ, երկու ամիս գնում է տուն, իր բան ու գործին, էլի ստանում է իր հասանելիք աշխատավարձը, բայց ոչ մարտականի չափով: Ուտելու հետ կապված խնդիր չկա: Սնվում են՝ ինչպես տանը: Լեռնային պայմաններում ծառայություն իրականացնելիս համազգեստն էլ կմաշվի, կպատռվի: Առանց դրա հնարավոր էլ չէ: Մի խոսքով` հանդերձանքի հետ էլ կապված զորքը խնդիր չունի առհասարակ:
-Պարոն հրամանատար, սահմանի այս բավականին բարդ ու դժվարին հատվածի պահպանությունն ու պաշտպանությունը, որ ծանրացած է պայմանագրայինների ուսերին, դժվար կլիներ պատշաճորեն իրականացնել, եթե ինժեներական առումով այն չլիներ լավ կահավորված:
-Մեզ վստահված սահմանի ամբողջ երկայնքով կատարվել են այնպիսի հսկայածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքներ, ինչի շնորհիվ մենք թշնամու նկատմամբ ձեռք ենք բերել դիրքային գերակայություն: Սահմանագծի ամբողջ երկայնքով փորված են ապահով խրամուղիներ, կառուցված են ամուր ու հուսալի խրամաբջիջներ, կրակակետեր, ռմբապաստարաններ, անանցանելի արգելափակոցներ: Մենք երբեք ձեռքներս ծալած չենք նստում: Առաջնագծում անընդհատ աշխատանքներ ենք կատարում, կատարելագործում պաշտպանությունից հարձակման անցնելու մեր գործիքակազմը: Առաջնագիծն ապահովված է նաև գերժամանակակից տեսադիտարկման սարքերով:
-Իսկ ռազմական տեխնիկայի՞, զինատեսակների՞ առումով…
-Մարտական հերթապահություն իրականացնող մեր ստորաբաժանումները զինված են ինչպես հարկն է՝ ամենաարդիական զինատեսակներով: Չեմ ուզում փակագծերը բացել: Իսկ մեր հրետանային մարտկոցներն անհրաժեշտության դեպքում ի զորու են այնպիսի խորտակիչ հարված հասցնելու, որ թշնամու տարածքում քարը քարի վրա չի մնա: Այս լեռների տերը մենք ենք: Մենք ենք ու մեր լեռները: Դուք եղաք առաջնագծում, տեսաք, թե ինչ տղերք են կանգնած դիրքերում: Առյուծ տղերք են, ոգով ուժեղ, քաջակորով, վտանգի առաջ աչք չթարթող…
Չմոռանամ նշել, որ բոլորովին նոր «Ուրալներ», «Ուազներ» ենք ստացել… Թարմացվել է նաև զորամասի ավտոպարկը:
-Օրերս Ձեր հրամանատարությամբ ծառայող տասնյակ սպաներ ապահովվեցին նոր բնակարաններով: Ես անձամբ եղա նրանց համար կառուցված շենքում և չեմ կարող հիացմունքս թաքցնել…
-Հունվարի 28-ը՝ Հայկական բանակի ստեղծման օրը, մեր զորամասի երկու տասնյակ սպաների համար կրկնակի տոնի վերածվեց. նրանց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զորամիավորման հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանը ծառայողական բնակարանների վկայագրեր տվեցին: Չեմ կարող չնշել շինարարների սրտացավ ու նվիրված աշխատանքը, քանզի նրանք սահմանված ժամկետում կարողացան կառուցել շինարարական բոլոր չափանիշներին համապատասխան, ամուր և որակյալ շենք՝ իր բոլոր հարմարություններով:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ