ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվում էր ««Վենոն Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում (համակենտրոնացման վերաբերյալ) փաստական հանգամանքների մասին» հարցը։
«Յուքոմ» հեռահաղորդակցական ընկերությունը պատրաստվում է գնել «Վեոն Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը («ՎԵՈՆ» ընկերությունների խմբի հայկական մասը), որի ապրանքանիշը «Բիլայն»-ն է։
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Յուքոմ»-ի և «Բիլայն»-ի միավորման մասին դեռևս կայացված որոշում չկա։
«Այս պահին հանձնաժողովը դեռևս վերլուծում է ստացված տեղեկատվությունը։ Մենք դիմել ենք 3 պետական մարմնի․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով և Պետեկամուտների կոմիտե, որպեսզի ամբողջ շուկայում հասկականանք դինամիկան»,- նշեց Գևորգյանը։
Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ ֆիքսված կապ բնագավառում այսօրվա դրությամբ «Յուքոմ»-ը և «Բիլայն»-ը գերիշխող դիրք ունեն և միավորման պարագայում նրանց գերիշխող դիրքի տոկոսայնությունն ավելանալու է․
«Ենթակառուցվածքների հարցն էլ ենք նայելու, խանութների բաշխվածության կամ գրասենյակների հարցն էլ ենք նայելու։ Այսինքն՝ չի լինելու հարց, որը բաց մնա»։
Անդրադառնալով թույլ տալ-չտալուն՝ նա ասաց, որ եթե հանձնաժողովը մերժեց, միավորումը չի լինի։ Ինչ վերաբերում է, թե երբ որոշում կկայացվի, Գեղամ Գևորգյանը նշեց, որ դեկտեմբերի վերջին օրն է հայտը մուտք արվել, և կփորձեն ժամկետում հարցին պարզաբանում տալ։
«Մենք հնարավորություն ունենք նաև որոշումից հետո պարտադրել, որ որոշակի ծառայություններ վաճառվեն, ենթակառուցվածքներից հնարավորություն տրվի այլ օպերատորներին օգտագործել, այսինքն՝ բոլոր հնարավոր տարբերակները մենք դիտարկելու ենք»,- եզրափակեց հանձնաժողովի նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։