Փետրվարի 12-ին, ժամը 09:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել:
Սոթք-Քարվաճառի հենակետից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 10:40-ին տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ձնաբքի պատճառով երկկողմանի փակ է:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Վարդենյաց լեռնանցքի հենակետից մեկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու մարտական հաշվարկ:
Մինչ ժամը 20:20-ը փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 250 ավտոմեքենա՝ 1000 ուղևորով, հենակետ է տեղափոխվել մոտ 200 քաղաքացի:
Ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներին ներգրավվել է Սոթքի ոսկու հանքի 2 միավոր տեխնիկա: