Այսօր Կառավարության նիստից հետո ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բիլայն Արմենիա» եւ «Յուքոմ» ընկերությունների հնարավոր միավորմանը, նշեց, որ չի կարող ասել՝ այդ դեպքում սակագնի բարձրացում կլինի, թե ոչ:
Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերի 30-ին «Վեոն Արմենիա»-ն դիմել է ՀԾԿՀ եւ ՏՄՊՊՀ՝ ցանկություն հայտնելով իր ապրանքանիշը («Բիլայն») վաճառել «Յուքոմ»-ին: ՏՄՊՊՀ-ն պետք է ըստ կարգի իր եզրակացությունը տա 90 օրվա ընթացքում։
«Ըստ փորձի՝ համակենտրոնացումից հետո եղել են գների բարձրացում, տեղեր կան՝ իջեցում»,- ասաց նա։
Հարցին, թե ինչով է պայմանավորված երկու ընկերությունների միավորումը, Գեւորգյանը պատասխանեց. «Սեփականատերերը հիմնավորում են, բայց դա ավելի լավ է իրենցից հարցնեք։ Ես կներկայացնեմ պաշտոնական այն դիրքորոշումը, որն իրենք մեզ ներկայացրել են։ Այն կապված է առաջին հերթին ծախսերի կրճատման հետ, որովհետեւ հաշվի առնելով, որ իրենք անընդհատ կորցնում են հաճախորդներ, քանի որ հաճախորդների քանակը տրասֆորմացվում է՝ բջջային զանգից դեպի ինտերնետ տիրույթ, իսկ այդտեղից գումարի հավաքագրումը շատ ավելի քիչ է։ Այդ պատճառով ցանկանում են միավորել ուժերը, որպեսզի կարողանան շուկային դիմակայել»։
Հարցին՝ իշխանությունները հաշվի առնում են, որ «Յուքոմ»-ի բաժնեմասերի մեծ մասը պատկանում է նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին, ով այժմ կոռուպցիայի գործով է անցնում, ՏՄՊՊՀ նախագահը պատասխանեց, որ չգիտի, թե իշխանություններն ինչ ունեն իրենց օրակարգում. «Ես մաս չեմ կազմում գործադիրի, մենք օրենքով ստեղծվող ինքնավար մարմին ենք ու գործում ենք բոլորից անկախ։ Մենք չենք կարող ունենալ որեւէ անհանգստություն՝ կապված ֆիզիկական անձի գործունեության հետ, կամ այլ չափանիշներով։ Մենք պետք է պահենք մեր ինքնավարությունը եւ որոշումներ կայացնենք՝ զուտ տնտեսական մրցակցությունից ելնելով»։