Արտաքին քաղաքական իրական ձեռքբերումներ՝ առանց ներքաղաքական պայքարի շղարշի

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան

 

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո մենք ականատես եղանք արտաքին քաղաքական ոլորտում ակնկալվող բացթողումների մասին իրապես վախեցնող վերլուծությունների, նախազգուշացումների, որոնց հիմնական ուղերձը, կարծես թե, ոչինչ չանելն էր: Մի շարք «փորձագետներ» ջանք չէին խնայում ցեխ շպրտել նոր իշխանությունների կողմից գրանցած հաջողությունների վրա՝ հետևողականորեն աղավաղելով պարզ իրականությունը և տեղեկատվական դաշտը լցնելով սին և ստահոդ բամբասանքներով և մտացածին ենթադրություններով։ Ուստի այս հոդվածի նպատակն է պատասխանել հասարակության համար կարևոր այդ հարցին, թե արդյոք թավշյա հեղափոխությունը խոչընդոտեց, թե նպաստեց արտաքին քաղաքականությունում մեր դիրքերի ամրապնդմանը:

Արտաքին քաղաքականությունը տարիներ շարունակ քննադատությունների թիրախ էր դառնում քաղաքական նշանակումների թվի անհարկի աճի պատճառով: Սակայն թավշյա հեղափոխությունը նոր իրողություն բերեց նաև այս ոլորտում, երբ նախկին համակարգի քաղաքական սպասավորներին դիվանագիտական ծառայության մեջ փոխարինելու եկան փորձառու և արհեստավարժ դիվանագետները, որոնց աշխատանքի արդյունքները նշանակումներից հետո երկար սպասեցնել չտվեցին: Գուցե հենց ոլորտի մասնագիտացումն է հիմնական հիմքը, որ հնարավոր եղավ երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների ֆոնին պահպանել արտաքին քաղաքականության հետևողականությունն ու շարունակականությունը, ավելին՝ ոլորտը նշանավորել նաև նշանակալի ձեռքբերումներով:

Արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվողների աչքից չէր կարող վրիպել նաև, որ առաջին անգամ տեղի ունեցավ իր ձևաչափով ու բովանդակությամբ եզակի դեսպանահավաք: Առաջին անգամ հստակ ամրագրվեցին Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքները` ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն: Իսկ հիմա, ներկայացնենք, թե արդյոք այդ սկզբունքների հստակ ամրագրումից հետո որքան գործնական են եղել այդ սկզբունքներին հանձնառությունը:

Հաշվի առնելով հետխորհրդային տարածքում հեղափոխությունների հանդեպ ՌԴ ունեցած ավանդական մոտեցումը, ՀՀ արտաքին քաղաքականության համար գերկարևոր խնդիր էր հետհեղափոխական շրջանում գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխվստահության հունի մեջ պահելը: Մի հարցազրույցում ԱԳ նախարար Մնացականյանը նշել էր, որ որքան պահանջվի համբերատար կաշխատեն ՌԴ հետ՝ բացատրելու համար Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների էությունը։ Ի հեճուկս ազդարարվող «հայ-ռուսական հակադրման», տարվա ընթացքում ականատես եղանք հայ-ռուսական համագործակցության և ռազմավարական գործընկերության ամրապնդման: Ի դեպ՝ այս անգամ հստակ կարող ենք խոսել իրավահավասար գործընկերների միջև ռազմավարական գործընկերության մասին, ովքեր չեն վախենում բարձրաձայնել երկուսին էլ հուզող հարցերը, այլ ոչ թե միշտ լինել լսողի ու կատարողի դերում: Երկկողմ հարաբերություններն ամփոփվեցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցով, որի ընթացքում Լավրովը ոչ միայն հայտնեց իր համոզմունքը, որ ԼՂ հարցի կարգավորումն առանց Ղարաբաղի ժողովրդի մասնակցության չի կարող տեղի ունենալ, այլև հայտարարեց ՌԴ լիարժեք աջակցությունը վարչապետ Փաշինյանի՝ խնդրի կարգավորման բանաձևին, որը նշանակում է համաձայնություն Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև: Լավրովը նաև փաստեց, որ երկկողմ հարաբերություններում իշխանափոխությունից հետո պահպանվել է շարունակականությունը, ինչը հաստատումն է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխությունը չի ազդում դաշնակցային հարաբերությունների վրա: Ավելին, ՌԴ Դաշնային Խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կոսաչևը դեկտեմբերին հայ-ռուսական խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստից հետո հայտարարեց, որ հեղափոխությունը Հայաստանում ավելի է խթանել հայ-ռուսական հարաբերությունները: Հետհեղափոխական շրջանում հայ-ռուսական հարաբերություններում կանխատեսելիությունը ու կայունությունը ապահովելը թերևս մեր արտաքին քաղաքականության առավել թերագնահատված հաջողություններից էր։

Իրապես լուրջ մարտահրավեր էր պահպանել Իրանի հետ հարաբերությունների դինամիկան ԱՄՆ կողմից կիրառվող պատժամիջոցների և Միջուկային պլանի հեռանկարի անորոշ լինելու ֆոնին, որը նույնպես պսակվեց հաջողությամբ: Մենք ականատես եղանք ոչ միայն հարաբերությունների առկա դինամիկայի պահպանմանը, այլ նոր ծրագրերի նախանշմանը, որոնք ամրագրվեցին հուլիսի 1-2-ը տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի ընթացքում և վարչապետի Իրան այցի ժամանակ: Այսպես, համաձայնություն ձեռք բերվեց մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ավարտել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի և «Նորավան» ենթակայանի շահագործման հանձնումը։ Նիստի ընթացում ձեռք բերվեցին երկկողմ և տարածաշրջանային նշանակության մի շարք համաձայնություններ:

Հայաստան-Իրան-Վրաստան համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի խթանման պրիզմայից պետք է դիտարկել նաև Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի (նախորդ՝ 9-րդ նիստն անցկացվել էր 2011թ. Բաթումում), ինչպես նաև դրա շրջանակներում Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի անցկացումը: Սակայն վրացական ուղղությամբ տարվա ընթացքում արձանագրվեց կարևոր զարգացում 2019թ. ՄԱԿ-ում, երբ առաջին անգամ Հայաստանը չմասնակցեց ՄԱԿ-ում Վրաստանի առաջարկած «Աբխազիայից և Ցխինվալի շրջան/Հարավային Օսիա/Վրաստանից հարկադրյալ տեղահանված անձանց եւ փախստականների կարգավիճակի մասին» բանաձևի քննարկմանը. Հայաստանը տարիներ շարունակ դեմ է քվեարկել այդ բանաձևին: Սա դիվանագիտական քայլ է, որը պետք է համապատասխան գնահատականի արժանանա նաև վրացական կողմից: Բոլորն «խուճապահարները» ազդարարում էին ռուսական կողմից կոշտ արձագանք, որն այդպես էլ չեղավ:

Հայաստանը մեծ պատվով ավարտեց նաև իր նախագահությունը Եվրասիական Տնտեսական Միությունում: ԵԱՏՄ-ում ՀՀ հաջող նախագահությունից կախված էր ոչ միայն արտաքին քաղաքականության հստակ առաջնահերթությունների արձանագրումը, այլև կոնկրետ ՀՀ շահերից բխող օրակարգի ձևավորումը, որոնց թվում են «Թվային օրակարգը», ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորումը, երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Այս տեսակետից արդեն պատմական կոչված «Երևանյան գագաթնաժողովի» նիստին մասնակցեցին ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրների, այլև Սինգապուրի, Իրանի և Մոլդովայի ղեկավարները. Սինգապուրի հետ ԵԱՏՄ-ը ստորագրեց Ազատ առևտրի համաձայնագիր:

Էլ չենք խոսում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու ֆոնին բարձրացված խուճապի մասին, երբ անգամ գնահատականներ էին հնչում ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու մասին /գործառույթ, որը կառույցի կանոնադրությամբ հնարավոր չէ իրականացնել/: Հետևողական քաղաքականության արդյունքում տեղի ունեցավ հակառակը. ՀԱՊԿ-ում առավել ամրապնդվեցին Հայաստանի դիրքերը, որպես մի երկրի, որն իրապես շահագրգռված է կառույց արդյունավետության բարձրացմամբ: Ինչպես գիտեք Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվեցին մի շարք նորմատիվ ակտեր, որոնցից հատկապես կարևոր էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման, վերջինիս լիազորությունների վաղաժամ դադարեցման ընթացակարգերի հստակեցման մասին իրավական ակտը։ Լրացվեց կառույցում առկա իրավական բացը: Միաժամանակ Հայաստանը կառույցում առաջ քաշեց նաև իրեն հուզող օրակարգ, մասնավորապես Սիրիայի հարցով՝. այսպիսով, Ռուսաստանից հետո Հայաստանը դարձավ միակ երկիրը, որն օրակարգ ունի այս կառույցում:

Հայաստանում ժողովրդավարության հաստատումից հետո նոր որակ ձեռք բերեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունները: Այս պահի դրությամբ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրել են ԵՄ անդամ երկրներից 21-ը: 2019թ. կտրուկ  աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը. նախատեսված 40 մլն եվրոյի հասնող աջակցությանը ավելացվել է ևս 25 մլն եվրոյով: Հայաստանի հանդեպ աճող հետաքրքրության վկայությունն է այն, որ եվրոպական չորս երկրներ՝ Սերբիա, Սլովակիա, Նիդերլանդներ և Շվեդիա որոշում են ընդունել դեսպանություններ բացելու Հայաստանում:

ՀՀ հայաստանակենտրոն արտաքին քաղաքականության ապացույցներից է փաստը, որ չնայած ՌԴ հետ ունեցած ռազմավարական համագործակցությանը, Երևանը շարունակեց դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։ ԱՄՆ-ի հետ հեղափոխությունից հետո հաստատված ռազմավարական երկխոսության հարթակը երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու նոր հնարավորություններ է պարունակում: ԱՄՆ կառավարությունը ավելացրել է 2019թ. ՀՀ-ին հատկացվող օժանդակությունը շուրջ 40 տոկոսով՝ հասցնելով շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի: Այս տարի ԱՄՆ օրենսդիր մարմնի երկու մարմինները՝ Ներկայացուցիչների պալատն ու Սենատն ընդունեցին Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձևեր։ Ի դեպ, այս ամենն այն ֆոնին, երբ բոլորն աղաղակում էին Սիրիա Հայաստանից բժիշկներից և սակրավորներից կազմված հումանիտար առաքելության մեկնարկի ֆոնին ԱՄՆ-ից սպասվելիք «ահասարսուռ» քայլերի, անգամ պատժամիջոցների մասին:

Հայաստանի կողմից հստակ քայլեր ձեռնարկվեցին Մերձավոր Արևելք վերադառնալու ուղղությամբ: ՀՀ-ը ավելի ակտիվացրեց Մերձավոր Արևելքում մեր պատմական ներկայությունը խթանելու քայլերը, սերտացրեց համագործակցությունն ու շփումները ավանդական բարեկամական երկրներ Եգիպտոսի, Իրաքի, Լիբանանի և Հորդանանի հետ, Էական առաջընթաց արձանագրեց Ծոցի արաբական երկրների՝ հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունների ու Քուվեյթի հետ հարաբերություններում:

Հայկական դիվանագիտությունը նշանավորվեց նոր հորիզոնների բացահայտմամբ. ասվածի լավագույն օրինակ Աֆրիկյան մայրցամաքի «հայտնագործումն» էր՝ ԱԳ նախարարի պաշտոնական այցելությամբ, ապա Եթովպիայում դեսպանություն բացելու որոշման կայացմամբ:

Գլոբալացվող աշխարհում առավել կարևորություն ձեռքբերող բազմակողմանի դիվանագիտության հարթակներում ՀՀ ակտիվ ներգրավումը դիվիդենտներ է ապահովում Հայաստանի համար ինչպես երկրի միջազգային հեղինակության, այնպես էլ կոնկրետ ծրագրերից քաղած օգուտների տեսքով։ Այս բնագավառում ՀՀ արձանագրած հաջողություններից է այն, որ հոկտեմբերի 17-ին Հայաստանն ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ 2020-2022 թթ․ ժամանակահատվածի համար։ Հատկանշական է, որ քվեարկության արդյունքում Հայաստանը առաջ անցավ Արևելյան Եվրոպայի իր մրցակիցներից՝ անգամ ԵՄ անդամ Լեհաստանից։

Եթե ամփոփենք, ապա հետհեղափոխական շրջանում մեր արտաքին քաղաքականությանը հաջողվեց լուծել իր առջև ծառացած ամենաանմիջական խնդիրը. միջազգային ուժային կենտրոններին հասկանալի դարձնել Նոր Հայաստանի իրողությունները:

Հ.Գ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հատուկ անդրադարձ չի կատարվել, քանի որ այն առանձին հոդվածի թեմա է: