Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացնել ոչ միայն ապօրինի շենքերը, այլեւ զավթած հողերը… դղյակների հետքերով

Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու հարակից տարածքում գտնվող ինքնակամ շինությունները օրինականացնելու հարցով առանձին-առանձին Երեւանի քաղաքապետարան են դիմել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին եւ կինը, ինչպես նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: ՀԺ-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մենք հետաքրքրվել էինք, թե նախկին ո՞ր պաշտոնյաներն են դիմել Քաղաքապետարան՝ իրենց ապօրինի շինությունները օրինականացնելու խնդրանքով:

Քաղաքապետարանից մասնավորապես հայտնել են, որ Արգամ Աբրահամյանը դիմել է «Ազատության հ.1/6 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից ավել զբաղեցրած մոտ 500քմ համայնքային հողամասը եւ դրա վրա կառուցված բնակելի եւ օժանդակ շինությունները 28.06.2008թ. հ.ՀՕ-117-Ն «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում օրինականացնելու խնդրանքով»:

Նրա մայրը՝ Ջուլիետա Աբրահամյանը, քաղաքապետարանից խնդրել է Ազատության հ.1/20 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ շինությունները (1962.6 քմ) օրինականացնել:

Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքով պատկանող պարսպապատ տարածքում առկա է նաեւ համայնքային հող:

Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ապա վերջինս Քաղաքապետարան է դիմել՝ Կարապետ Ուլնեցու հ.32/11 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ շինությունների (1698.8 քմ) օրինականացման խնդրանքով: Քաղաքապետարանից ՀԺ-ին հայտնել են, որ նշված հասցեում առկա է նաեւ ինքնակամ զբաղեցրած համայնքային հողամաս, որի մակերեսի վերաբերյալ տվյալներին չեն տիրապետում, քանի որ սեփականատիրոջ կողմից չափագրում չի պատվիրվել:

«Նշված երեք դեպքերում էլ քաղաքապետարանը չի բավարարել դիմումների պահանջները, հետեւաբար դրանք ընթացք չեն ստացել: Այս պահին խնդիրը մասնագիտական ուսումնասիրության փուլում է: Խնդրի բազմակողմանի ուսումնասիրության ու հետագա քայլերի վերաբերյալ կտրվի լրացուցիչ պարզաբանում»,- ասվում է ՀԺ-ին տրամադրված պատասխանում:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դղյակների թեմային նախորդ շաբաթ ՀՀ կառավարության նիստում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

«Հիմա պարզվում է, որ Երեւանում դղյակներ կան, որոնք սկզբից մինչեւ վերջ կառուցվել են ապօրինի: Օրինակ՝ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող հայտնի առանձնատներն ամբողջությամբ ապօրինի շինություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինությունների օրինականացման վերաբերյալ, եւ, օրինակ, այսօր Երեւանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է»,- ասել էր վարչապետը՝ ավելացնելով, որ Երեւանի քաղաքապետն էլ, իրավաբաններն էլ ասում են, թե օրենքով պարտավոր են օրինականացնել այդ շինությունները:

Իրավական նորմը, որ Երեւանի քաղաքապետին թույլ չի տալիս չօրինականացնել սեփական հողի վրա կառուցված ապօրինի շինությունը, Կառավարության 2006թ–ի 912-Ն հայտնի որոշումն է, որը համայնքին պարտավորեցնում է օրինականացնել սեփական տարածքներում գտնվող ինքնակամ շինությունները, եթե դրանք չեն հակասում քաղաքաշինական նորմերին։ Սակայն այստեղ վիճահարույց է նաեւ այն, որ Աբրահամյանների կողմից ինքնակամ շինության մի մասը կառուցվել է համայնքային հողի վրա:

Ներկայումս Աբրահամյանները դատարանում բողոքարկում են իրենց շինությունները օրինականացնելը մերժելու հարցով քաղաքապետարանի որոշումը: Սուրիկ Խաչատրյանի կողմից նման բողոքարկման տեղեկություն այս պահին չունենք:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Արդարադատության նախարարին հանձնարարել էր լուծումներ գտնել այս իրավիճակից, խոսել էր նաեւ անհրաժեշտության դեպքում անցումային արդարադատության մեթոդների կիրառման մասին: Արդարադատության նախարարի տեղակալի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրում է թեման:

Տարիներ շարունակ մամուլում գրվել է, որ Հաղթանակ զբոսայգու տարածքում շքեղ առանձնատներ ունեն ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ուրիշներ: Դատելով քաղաքապետարանից ստացված պատասխանում նրանց մասին խոսք չլինելուց, պետք է ենթադրել, որ նշված պաշտոնյաները հասցրել են ժամանակին լուծել օրինականացման խնդիրը:

 

 

armtimes.com