Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, առերեսվել է 2018 թվականին իր դեմ հաղորդում ներկայացրած Հակոբ Հովհաննիսյանի հետ:
Հովհաննիսյանը, հիշեցնենք, հաղորդման մեջ պատմել էր, որ 2012 թվականի դեկտեմբերի 23-ին իր համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ գումարային խնդիր է ունեցել, վերջինս էլ դիմել է իր մորաքրոջ որդուն՝ Արթուր Մանուկյանին: Խոսակցության մասին պարզաբանումներ ստանալու համար Հակոբ Հովհաննիսյանն ընկերների հետ գնացել է Երեւան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող գետնանցում, որտեղ եղել են Արթուր Մանուկյանը, Նարեկ Սարգսյանը եւ վերջինիս թիկնապահները: Ըստ Հովհաննիսյանի՝ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, սակայն կրակոցն իրեն չի դիպել, ինչից հետո Սարգսյանն իր մոտ գտնվող կենցաղային դանակով հարվածել է իր կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հովհաննիսյանը հաղորդում է ներկայացրել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով անչափահասին ապօրինի ազատությունից զրկելը): Հարուցված քրեական գործի շրջանակներում Հակոբ Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը պատմեց, որ առերեսման ժամանակ Նարեկ Սարգսյանն ասել է, որ իրեն չի ճանաչում, պնդել, որ 2012 թվականին թիկնապահներ չի ունեցել եւ նման դեպք չի էլ հիշում. «Ես հարցրի՝ Արթուր Մանուկյանին (խոսքը ԲՀԿ-ական նախկին պատգամավորի մասին է,- խմբ.) ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց, որ հեռակա լսել է, որ նա պատգամավոր է, բայց նրա հետ շփում չունի»: Հարցին՝ Նարեկ Սարգսյանը տեղյա՞կ էր, որ Արթուր Մանուկյանի մորաքրոջ որդին՝ Էրիկ Բալթայանը, առերեսման ժամանակ մասամբ հաստատել էր կատարվածը, եթե՝ այո, ապա դրան ինչպե՞ս է արձագանքել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Տեղյակ է, առերեսումից առաջ նրան գործը մանրամասն ներկայացվել է, բայց նա ասաց, որ ոչ ոքի չի ճանաչում, բացառեց, որ նման դեպք կարող է եղած լինել»:
Ըստ Նարեկ Սարգսյանի՝ Հակոբ Հովհաննիսյանը հիշյալ հաղորդումը տվել է՝ օրինակ վերցնելով իր նախկին հանցակցից Դավիթ Սիմոնյանից, որը ցուցմունք տալուց հետո ազատ էր արձակվել (խոսքը Նարեկ Սարգսյանի եղբոր՝ Հայկ Սարգսյանի գործով տուժողի մասին է). «Ես ասացի, որ Սիմոնյանի ազատ արձակվելու հանգամանքներից տեղյակ չեմ, ես ազատվելու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ իմ ազատվելուն մնացել է 111 օր» (Հովհաննիսյանը դատապարտվել է մեկ այլ գործի շրջանակում եւ այժմ իր պատիժը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում): Հովհաննիսյանը նշեց, որ ինքը Դավիթ Սիմոնյանի հետ որեւէ կապ չունի, եւ նա տեղյակ էլ չի եղել, որ ինքը պատրաստվում է հաղորդում տալ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակոբ Հովհաննիսյանն առերեսվել էր նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի, ինչպես նաեւ՝ իր համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ: Հարցին, թե Էրիկ Բալթայանի հետ այդ գումարային վեճն ի վերջո ինչի շուրջ է եղել, Հովհաննիսյանը պարզաբանեց. «Էրիկ Բալթայանը նշել է, որ վարժարանում սովորելու տարիներին ես իր վրա ունեցել եմ մեծ ազդեցություն, եւ նա, ինձնից վախենալով, ինձ պարբերաբար գումար է փոխանցել, որ ես իրեն չնեղացնեմ»: Ըստ Բալթայանի՝ երեք ամսվա ընթացքում Հովհաննիսյանին մոտ 3000 ԱՄՆ դոլարի գումար է փոխանցել, ինչը, սակայն, Հովհաննիսյանը բացառում է. «Ես սովորելու տարիներին ընդհանրապես գումարի խնդիր չեմ ունեցել եւ որեւէ մեկից գումար չեմ վերցրել»:
Նշենք, որ Նարեկ Սարգսյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ: Որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ դեռեւս չկա: