Ազգային ժողովում շարունակվում է «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» փոփոխություններ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկումը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե սա կախյալ դատական համակարգ ստեղծելու փաստաթուղթ է, նախարարն ասաց, որ կախված են լինելու Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից, որտեղ բացարձակ մեծամասնությունը դատավորներ են, նաև ԲԴԽ-ից , որտեղ ևս անդամները դատավորներ են և իրավաբան-գիտնականներ, ուսունական հարցերի հանձնաժողովից, որտեղ կրկին դատավորներ են.
«Էլ ո՞նց կամ ո՞ւմից է կախյալ լինելու»:
Մարուքյանը նաեւ հայտնել էր, որ մինչ այս օրենքի նախագիծը պետք էր մաքրել դատական համակարգը՝ ի պատասխան Բադասյանն ասաց.
«Համ խոսում եք դատական իշխանության անկախությունից, հետո ասում եք՝ պետքա մաքրենք, ո՞նց մաքրենք: Բերեք այն տարբերակը, որը ավելի խիստ է, լուծում է դատական համակարգի առաջ ծառացած խնդիրները, մենք անպայման կընդունեք, բայց մի պայման կա՝ Սահմանադրությանը հակասող չպետք է լինի»:
Բադասյանն ընդդիմադիրներին առաջարկեց. «Բերեք մաքրելու լավ տարբերակ, մենք ընդունենք, շարժվենք առաջ»: