ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն և ոստիկանության պետ նշանակելու որոշման մասին կհայտնի մարտի 19-ին: Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ-ում՝ կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ:
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նկատեց, որ մարտի 19-ին լրանում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժպ-ների լիազորությունների՝ օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը: Նա հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետը որոշում ունի, մտադի՞ր է վերանշանակել ՀՀ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներին ու խնդրեց գնահատել այդ պաշտոնակատարների աշխատանքը:
«Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով երկու մարմինների աշխատանքին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրավապահ համակարգում ընդհանրապես խնդիրներ կան և այդ խնդիրները պետք է համակարգված ձևով լուծել: «Բայց ես այս պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանապետի պաշտոնակատարի ու ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի վրա: Ես այդ երկու թեմաները կտարանջատեի, ընդ որում, ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիր ունենք»,-ասաց նա ու նշեց՝ մինչ այժմ խնդիրները լուծված չեն այն պատճառով, որ լուծման համար հարկավոր է ճշգրիտ ախտորոշում։
Փաշինյանի կարծիքով սակայն ճշգրիտ ախտորոշմանը առնվազն մոտ են:
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան | ՈՒՂԻՂ