Ինչպես հայտնի է, բանակում որոշ ժամանակ արձանագրված անկառավարելի իրավիճակի մասով Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների պաշտոնատար անձինք ազատվեցին պաշտոնից: Մասնավորապես, պաշտոնից ազատվեց ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, եւ նրա փոխարեն ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՌՈ օպերատիվ գծով պետի տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը:
Մինչ այս պահը հայտնաբերվել եւ արձանագրվել է հազարից ավելի հեռախոս: Ստուգայցերին զուգահեռ՝ զինվորական իրավապահ մարմիների ներկայացուցիչները մի շարք զորամասերում բացատրական աշխատանքներ են իրականացրել Զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, միջանձնային հարաբերություններում զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: Կարճ ասած գրեթե ոչինչ չի արվել, քանի որ բանակի խնդիրները շատ ավելի խորքային են …
Ու մինչ Ալեքսանդր Աղաջանյանը փորձում ամեն ինչ անել ՌՈ պետի պաշտոնին մնալու համար, ՊՆ-ում ՌՈ պետի նշանակման հարցում քննարկվում է եւս մեկ թեկնածուի անուն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ-ում ՌՈ պետի պաշտոնում քննարկվում է նաեւ Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի անունը: Իսկ ո՞վ է Արտակ Նահապետյանը: 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Նահապետյանին ազատել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։ Ըստ մամուլի՝ Նահապետյանի ազատման պատճառը աշխատակիցների բունտն էր։
Բանն այն է, որ 2019 թվականին ԱԻՆ-ում իսկական արտակարգ իրավիճակ էր, բազմաթիվ աշխատակիցներ բողոքում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանից՝ համարելով նրան թույլ ղեկավար։ Բողոքողների մեջ Նահապետյանի բազմաթիվ աշխատակիցներ կային։ Ասում էին՝ հենց դրանով է պայմանավորված վերջինիս պաշտոնանկությունը, քանի որ նախարարը համարել էր, որ Արտակ Նահապետյանը չի կարողանում զսպել իր աշխատակիցներին, սաբոտաժ էր անում։ Նկատենք, որ Արտակ Նահապետյանը Փրկարար ծառայության պետ էր նշանակվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ԱԻՆ նախարար նշանակվելուց հետո։ Տոնոյանը Նահապետյանին ԱԻՆ էր տարել ՊՆ-ից, որտեղ Տոնոյանը երկար տարիներ փոխնախարար էր: Նահապետյանի կենսագրությունում կարդում ենք՝ 1994թ․ծառայելէԶինվածուժերում, աշխատանքայինգործունեությունըսկսելէորպեսդասակիհրամանատար,հասել գնդապետի։ Եվ, ահա, չի բացառվում, որ ՌՈ ՊԵՏ նշանակվի հենց Արտակ Նահապետյանը, քանի որ պաշտպանության նախարարի մտերիմն է:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի հետ՝ հասկանալու համար, թե նրան առաջարկ եղել է ՌՈ պետի պաշտոնում նշանակվելու հարցում. «Ես բացարձակ նման խոսակցություններ չեմ ունեցել, ես ազատվել եմ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից, հիմա հանգստանում եմ, ոչ մի բանով չեմ զբաղվում, նման խոսակցությունների չեմ մասնակցում: Դավիթ Տոնոյանի մտերիմը չեմ, մենք ծառայել ենք, ինքը եղել է իմ վերադասը, ես՝ իր ենթական: Այսքա՛նը»: Հարցին՝ եթե առաջարկ լինի ՌՈ պետի պաշտոնում նշանակվելու, կհամաձայնի, թե ոչ, Արտակ Նահապետյանն ասաց. «Ես ծառայությունից ազատվելուց գրել եմ՝ եթե գերագույն հրամանատարը ազատել է ինձ պաշտոնից, եթե հարկ կհամարի ցանկացած պաշտոնի, եթե հրաման կտան, ապա ես ծառայել եմ 25 տարի, նորից կշարունակեմ ծառայել»: