ԱՄՆ-ն նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 3-րդ տեղում է հայտնվել, վարակվածների թիվն անցնում է 50 հազարը, 637 մարդ մահացել է: Առողջապահության միջազգային կազմակերպության փորձագետները զգուշացնում են, որ ԱՄՆ-ն կարող է դառնալ պանդեմիայի էպիկենտրոնը: Եվ այնուամենայնիվ, Սպիտակ տունն ուզում է, որպեսզի մինչև ապրիլի 12-ը` Զատիկի տոնին, հանվեն կորոնավիրուսի պատճառով մասնավոր սեկտորի աշխատանքային սահմանափակումները:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. » Անհրաժեշտ է, որպեսզի երկիրը վերադառնա աշխատանքի: Այո, գրիպից կմահանան մարդիկ, սակայն եթե տնտեսությունը մասշտաբային անկում ապրի և նույնիսկ դեպրեսիայի մեջ հայտնվի, մենք կկորցնենք ավելի շատ մարդկանց»: Թրամփի տնտեսական խորհրդատու` Լարի Կուդլոն, հայտարարել է, որ նախագահը մտադրված է արդեն մոտակա 2 շաբաթների ընթացքում կոնկրետ քայլեր կատարել սահմանափակումների դադարեցման ուղղությամբ: «Հասարակության առողջապահության պահպանման համար անհրաժեշտ է առողջ տնտեսություն, իսկ երկու ոլորտներում էլ կան իրենց առաջնահերթությունները, ես դա հասկանում եմ, բայց մեկը մյուսին չի բացառում, դրանք պետք է փոխկապակցված լինեն»: Նյու Յորքում վիրուսն ավելի արագ է տարածվում, քան երկրի մյուս հատվածներում: Այնտեղ անց կացված թեսթերի 28%_ը տալիս են դրական արդյունք: Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն զգուշացրել է երկրի այլ շրջաններին. » Տեսեք մեզ այսօր, դուք նույն դրության մեջ կհայտնվեք երեք, չորս, հինգ, վեց շաբաթ անց: Մենք ձեր ապագան ենք»: Կուոմոյի խոսքերով, 2 շաբաթ անց նահանգի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում կարող են հայտնվել 40 հազար պացիենտներ: Բժշկական կենտրոններին շտապ անհրաժեշտ է թոքերի արհեստական շնչառությսն ևս մոտ 30 հազար սարքավորումներ