Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրելու առաջարկությանը: «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանն անդրադառնալով Կառավարության որոշմանը՝ նշել է, որ դրան սպասել են ավելի քան 10 տարի:
«Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրելու առաջարկությանը։ Մենք այս լուրին սպասում Էինք ավելի քան 10 տարի։
Հայաստանը կարող է դառնալ այն վճռորոշ տասներորդ պետությունը, որի շնորհիվ կոնվենցիան վերջապես ուժի մեջ կմտնի՝ հաստատելով տեղեկատվության ազատության ոլորտում հայաստանյան դրական պրակտիկան:
Շնորհակալ եմ հատկապես արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին՝ այս կարևոր գործընթացը սկսելու և աջակցելու համար»,- գրել է Շուշան Դոյդոյանը։
Հիշեցնենք, որ «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել էր 2009թ., սակայն մինչ օրս ուժի մեջ չի մտել, քանի որ անհրաժեշտ թվով երկրներ չեն վավերացրել այն: Կոնվենցիան տվյալ պահին վավերացրել է 9 պետություն, այնինչ այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ վավերացված լինի առնվազն 10 պետության կողմից: Կոնվենցիան սահմանում է պաշտոնական փաստաթղթերի մատչելիության նվազագույն չափանիշներ,որ պետք է ապահովի կառավարությունը: Ըստ կառավարության, այն համադրելի է Հայաստանի Հանրապետության կողմից հրապարակայնության և տեղեկատվության ազատության ապահովման հարցում ընտրած ուղղությանը: