Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Գերդ Մյուլլերը կոչ է արել Չինաստանին՝ «պարզաբանել» կորոնավիրուսի լաբորատոր ծագման վարկածը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Funke լրատվական խմբին տված նախարարի հարցազրույցին:
Մի շարք երկրների առաջնորդներ չեն բացառում կորոնավիրուսի լաբորատոր ծագման տարբերակը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան կողմն էլ է քննարկում այդ վարկածը: Նա Չինաստանին խոստացել է լուրջ հետևանքներ, եթե պարզվի, որ Պեկինը դիտավորյալ է թույլ տվել COVID-19-ի բռնկումը:
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնն էլ առաջարկել է գլոբալ հետաքննություն սկսել կորոնավիրուսային համաճարակի պատճառների հարցով, ներառյալ՝ Չինաստանի գործողությունները Ուհանում համաճարակի բռնկման ժամանակ: Նախարարը նաև կարծում է, որ հետաքննությունը չպետք է ղեկավարի ԱՀԿ-ն:
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, ավելի վաղ հայտնել էր, որ COVID-19-ով առաջին հիվանդը աշխատել է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայում: Միաժամանակ նշվել է, որ լաբորատորիան կենսաբանական զենք չի մշակել: