Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարության վերաբերյալ հարցին:
«Այս երկու տարիների ընթացքում մենք եղել ենք առավել քան թափանցիկ և մեր դիրքորոշումներն ու մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձևով։ Այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Խոսքը գնացել է նաև այն մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսվում այս երկու տարիների ընթացքում։ Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014, 2016 թվականներին և այդ մոտուցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 2018-ից ի վեր՝ քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների ու գնահատականների վերաբերյալ։ 2014-ի առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ հայկական կողմերի համար ընդգծված առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը։
Ամենից բացի՝ դա անվտանգության գոտին է և պաշտպանական գծերը: Որևէ կերպ, որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ կարող է վերանայել դա՝ հարվածի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը»,- նշեց Մնացականյանը։
Երկրորդ կարևորագույն գործոնն, ըստ Մնացականյանի, այն է, որ գոյություն ունի ինքնորոշման իրավունքի սկուզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային գերակա տարր է բանակցային գործընթացում։
«Դա մենք կոչել ենք անվտանգություն և ստատուս։ Ինքնորոշման իրավունքն արտահայտում է ստատուսի հստակեցում։ Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Զիջումներ չեն եղել և չեն լինելու։ Հայկական կողմերը երբևէ չեն ստանձնելու նման մոտեցում»,- նշեց Մնացականյանը
Երրորդ տարրն այն է, որ հայկական կողմը հայտնել է՝ պարտասխանատվություն է կրում և ամբողջովին ներգրավված է բանակցությունների մեջ և իր մասով տանելու է այդ գործը։
«Միևնույն ժամանակ՝ Հայաստանի իշխանությունները չունեն մանդատ Արցախի ժողովրդից ստացած։ Արցախում վերջերս ավարտվեցին նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Արցախի իշխանությունները ստացան համապատասխան մանդատը մրցակցային, ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Այս երկու տարիների ընթացքում հայաստանյան կողմը մշտապես աշխատել է, խորհրդակցել է արցախյան կողմի հետ։ Մենք աշխատել ենք միասին և նույնը շարունակվելու է նոր իշխանության հետ։ Որևէ որոշում, որը վերաբերում է Արցախի ժողովրդին, չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի»,- նշեց նախարարը։
Մնացականյանը հավելեց, որ սխալվում են նրանք, ովքեր մտածում են թե հնարավոր է բանակցությունների սեղանին մեկ այլ բան քննարկել, բայց այլ բան ներկայացնել։
Հիշեցնենք՝ այսօր Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ակտիվ քննարկվում են նախորդ տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտգործնախարարների հանդիպմանը ներկայացրած առաջարկությունները, որոնք ենթադրում են փուլային կարգավորում: