Կորոնավիրուսի տնտեսական եւ սոցիալական հետևանքների չեզոքացման կառավարության հաստատած առաջին եւ երկրորդ միջոցառումների շրջանակում 20 օրվա ընթացքում գյուղատնտեսական ոլորտին 4.7 մլրդ դրամի վարկ է տրամադրվել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի տրամադրած օպերատիվ տվյալների համաձայն՝ 13 հազարից ավելի հայտադիմում կա, որի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 27.6 մլրդ դրամ. «Այսօրվա դրույթամբ արդեն հաստատվել է 2943 հայտ, ընդհանուր՝ 4.34 մլրդ դրամային արժեքով։ Առաջին միջոցառման շրջանակում, որը նույնպես թույլատրում է գյուղատնտեսության ոլորտում գործող կազմակերպություններին մասնակցություն ունենալ այդ ծրագրին, բավարարվել է արդեն 10-ը հայտ, ընդհանուր՝ 694 մլն դրամ արժեքով։ 20 օրվա ընթացքում արդեն տրամադրվել է 4.7 մլրդ դրամի վարկ»:
Փոխնախարարն ընդգծեց՝ 2020-ի հունվարից մինչեւ մարտի 31-ը գյուղատնտեսական ոլորտում տրամադրվել է 1638 վարկ, ընդհանուր՝ 6.8 մլրդ դրամային արժեքով։
armtimes.com