ԱԺ-ը քննարկում է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Մելքումյանը նշեց, որ նախագիծը քննարկել են նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ և եկել վերջնական, կոմպրոմիսային տարբերակի։ Պատգամավորը նշեց, որ նախագիծը պարունակում է երկու հիմնական դրույթ․ առաջինը հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի կրկնակի նվազեցումն է։
«Հիմա առաջարկվող տույժի սահմանագիծը համարյա կրկնակի իջեցվում է և 14,6 տոկոս է։ Սա շատ կարևոր դրույթ է, որովհետև այն հարկային պարտավորությունները, որոնք չեն կատարվել՝ պայմանավորված այս ճգնաժամային իրավիճակով՝ տույժերը կրկնակի քիչ կհաշվարկվեն»,- նշեց Մելքումյանը։
Հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածն էլ առաջարկվում է փոխել. 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն կուտակող տնտեսվարողի համար հարկային մարմինը կարող է որոշում կայացնել ու արգելանք չկիրառել:
Մելքումյանը վիճակագրություն ներկայացրեց և նշեց, որ 9813 տնտեսվարող սուբյեկտ այս արգելադրման տակ է եղել վերջին տարիներին, այսինքն՝ տնտեսվարողների 10 տոկոսը։
«Ես հունվարին առաջարկել էի, որ 500 հազարի շեմը բարձրացնենք 5 միլիոնի։ Կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն, այդ ժամանակ մենք գնացինք 1,5 միլիոնի շեմի սահմանման։ Տրամաբանությունը հետևյալն է․ փոքր ու միջին բիզնեսի տարեկան շրջանառությունը չի անցնում 58 միլիոնից, իսկ քանի որ նրանք շրջանառության հարկ վճարողներ են, և 67 հազար շրջանառության հարկ վճարող ունենք, եթե միջինացնում ենք այդ 1,5 միլիոն դրամը, մոտավորապես փակում է ՓՄՁ-ների մեծ մասի տարեկան գեներացրած հարկերը։ Այսինքն՝ սա մի տեսակ հարկային արձակուրդի նման մի բան է, որ դու քո հարկը չես կարողանում վճարել, հետաձգվում է, բայց տույժերը հաշվարկվելու է կիսով չափ»,- նշեց Մելքումյանը։