Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Նամակում ասված է.
«Պարոն նախագահ,
Սիրելի բարեկամ,
Հայոց ցեղասպանության 105-ամյակի հիշատակի այս օրը Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին հղում եմ իմ լավագույն եղբայրական և բարեկամական ողջույնները:
Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլիսի 600 հայ մտավորականների սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը: Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից:
Անցյալ տարի իմ երկիրը, համաձայն իմ ստանձնած հանձնառության, Ապրիլի 24-ը հայտարարեց Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Խստորեն հարգելով ներկա առողջապահական վիճակի թելադրած հրահանգները՝ ես որոշել եմ, որ այս տարի նույնպես այդ օրը պետք է նշվի՝ Փարիզում, սեղմ արարողությամբ, Ֆրանսիայի կառավարության անդամների ներկայությամբ:
Այդ ժառանգությունը և համատեղ հիշողությունն են մեր երկու երկրների միջև այսքան յուրահատուկ հարաբերության հիմք հանդիսանում: Այսօր աշխարհը պատուհասած կորոնավիրուսի համավարակը բոլորիս պարտադրում է առողջապահական, տնտեսական և սոցիալական նոր մարտահրավերներ: Այդ մարտահրավերներին մենք կդիմագրավենք միասին։ Եվ ես համոզված եմ, որ Ֆրանսիան և Հայաստանը համատեղ կգործեն միջազգային շրջանակներում՝ ի նպաստ առավել արդյունավետ բազմակողմանիության և նորահաստատ համերաշխության:
Ինչպիսին էլ լինեն դժվարությունները, հայերը կարող են հույս դնել Ֆրանսիայի բարեկամության վրա: Հավատարիմ իր հանձնառություններին՝ Ֆրանսիան հայերի կողքին է խաղաղության և բագավաճման հասնելու նրանց իղձերի մեջ:
Պարոն Նախագահ, խնդրում եմ ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»: