Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Rusarminfo

Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ, որում կազմակերպությունը պահանջել է ճանաչել Ցեղասպանությունը, ներողություն խնդրել Ցեղասպանության զոհ դարձած հայերի, հույների ու ասորիների սերունդներից, ինչպես նաև փոխհատուցել նրանց պատկանող գույքն ու ունեցվածքը յուրացնելու դիմաց։

Երկրում մեծ հեղինակություն ունեցող իրավապաշտպան կազմակերպության՝ İHD-ի հանձնաժողովի հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի խորհրդանշական օր է, որ իրագործվել է հայերի, ասորիների և անատոլիական հույների դեմ: 1915 թվականի այս օրը հայ մտավորականության առաջնորդներին և հասարակ հայերին իրենց տներից ուղարկվեցին մահվան երթի»:

Թուրքիայի մարդու իրավունքների միության ներկայացուցիչները հիշեցրել են Ցեղասպանության զոհ դարձած հայտնի հայ գործիչների անունները ՝ Կոմիտաս, Ռուբեն Սևակ, Սիամանթո, Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրաբ և շատ ուրիշներ:

Հայտարարության մեջ շեշտվում է, «Ցեղասպանությունից և դրա հերքումից հետո մինչ օրս Թուրքիայում չեն դադարել արյունահոսությունները, արցունքները, ողբերը, հանցագործներն անպատիժ են մնում, որովհետև արդարությունը չի վերականգնվել, Ցեղասպանության զոհերը շարունակում են տառապել»։

«Միշտ ասել ենք, նորից ենք կրկնում. Ցեղասպանությունը ճանաչիր, ներողություն խնդրիր, փոխհատուցիր»,- ասված է հայտարարության մեջ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան