Ինչպե՞ս Են Վատ Նորությունները Ազդում Առողջության Վրա.

Վերջերս մեր ամենօրյա լրահոսում շրջանառվող տեղեկատվությունը կարող է ասոցիացիաներ առաջացնել ապոկալիպսիսի հետ։ Եթե մտածում եք, որ դա չափազանցություն է, ուրեմն թերթեք ինքներդ․ ամենուրեք և մեծամասամբ բացասական ու տագնապային լրահոս՝ գործազրկություն, սպասվող տնտեսական ճգնաժամ, արթնացող հրաբուխներ, օրեցօր ավելի ու ավելի տարածվող համավարակ, համավարակի մասին բազմաթիվ խուճապային հոդվածներ (հիմնականում ոչ պաշտոնական)։ Մեր գիտակցությունը ամեն օր լցվում է բացասական տեղեկատվությամբ։  Իսկ ինչպե՞ս են նման լուրերն ազդում առողջության վրա։

Ի՞նչ է նոցեբոյի էֆեկտը

Բժշկության մեջ լայնորեն կիրառվում է պլացեբոյի էֆեկտը։ Այս էֆեկտի էությունն այն է, որ եթե հիվանդը վստահ է որոշակի դեղամիջոցի կամ ընթացակարգի արդյունավետության մեջ, ապա նա կարող է ստանալ ակնկալվող ազդեցությունը: Ավելին, դրական արդյունք կարող է լինել նույնիսկ ձևական վերաբերմունքի դեպքում՝ երբ հիվանդը ընդունում է առանց բուժական հատկությունների նյութ, և որքան մեծ են ակնհալիքներն ու հավատը, այնքան հավանական է, որ մարդը կարող է օգուտ ստանալ։ Պլացեբոյի էֆեկտը հիմնված է ներշնչանքի վրա։

Պլացեբոն ունի իր հակառակ կողմը՝ բացասական արդյունք առաջացնող նոցեբոյի էֆեկտը․ երբ մենք մեզ ավելի վատ ենք զգում պարզապես այն պատճառով, որ դա ակնկալում ենք։ Ի տարբերություն պլացեբոյի՝ երբ մարդու մոտ առկա է հավատը բուժման կամ դեղահաբի հանդեպ, լավատեսությունը, նոցեբոյի դեպքում առկա են խուճապը, վախի զգացողությունն ու հավատի բացակայությունը։ Եվ ինչքան էլ զարմանալի է, առողջ մարդկաց մոտ արձանագրվել են մահացության բազմաթիվ դեպքեր՝ գոյություն չունեցող հիվանդություններից։

Ցցուն օրինակ է ԱՄՆ-ի Կենսատեխնոլոգիական ինֆորմացիայի ազգային կենտրոնի (National Center for Biotechnological Information, NCBI) կատարած ընդգրկուն ուսումնասիրությունը, որի շրջանակներում Կալիֆոռնիայում դիտարկվել են չինական ծագմամբ 28169 մեծահասակ ամերիկացիների մահերը: Ուսումնասիրության հեղինակները պարզել են, որ բոլոր նրանք, ովքեր հավատում էին, որ իրենց ծննդյան տարին՝ ըստ կենդանակերպի նշանի, նրանց ավելի խոցելի է դարձնում մահացու հիվանդությունների նկատմաբ, 1.3-ից 4.9 տարի ավելի շուտ են մահացել, քան նույն կենդանակերպի նշանի տակ ծնված այն անձիք, ովքեր նման մտավախություն չեն ունեցել։ Հետազոտողները եզրակացրել են, որ այս պարագայում մահացության վրա զգալի ազդեցություն են ունեցել «հոգեբանական-մշակութային գործոնները»՝ հավատը դեպի չինական աստղագուշակությունը

Այսպիսով, փաստն այն է, որ այս երկու էֆեկտները՝ և՛ պլացեբոն, և՛ նոցեբոն, ըստ էության, մարդու բնույթի մաս են կազմում, և կախված անձնային հատկանիշներից՝ դրսևորվում է կամ առաջինը, կամ երկրորդը։

Ըստ գիտնականների, CoVID-19 համավարակի ժամանակ վատ նորություններ կարդալը կարող է հանգեցնել իմունիտետի նվազմանը, որը մեր օրգանիզմի հիմնական զենքն է այս վարակի դեմ պայքարում։ Խուճապ հարուցող տեղեկատվությունն իր հերթին կարող է առաջացնե նոցեբոյի էֆեկտ։

Հեղինակավոր աղբյուրից ստացվող բացասական տեղեկատվությունը կարող է նպաստել որոշակի ախտանիշների զարգացմանը, օրինակ՝ ցավ կամ շնչառության պակաս: Այս դեպքում ախտանիշների պատճառը կարող է լինել հենց սպասելիքը: Դրա համար պատասխանատու են որոշակի քիմիական նյութեր, որոնք գտնվում են մարդու գլխուղեղում։ Դրանք կարող են առաջացնել ուժեղ զգայունություն ցավի և այլ տհաճ ախտանիշների նկատմամբ: Վախն ու անհանգստությունն ամրացնում են այս գործընթացը:

 

tectocs.com