Վերջին զանգը տեղի կունենա, բայց սահմանափակումների դուրս գալուց հետո

 Այս տարի վերջին զանգի միջոցառումներ տեղի կունենա՞ն: Հարցը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ամենից հաճախ տրվող հարցերից մեկն է՝ խոստովանեց նախարարն ու նշեց, որ այն բոլորի կյանքում շատ կարևոր իրադարձությունների ցանկում է, որովհետև մի շատ կարևոր էջ ենք փակում այդ օրը ու մեկ այլ կարևոր էջ էլ բացում։

«Գիտեք, որ ունենք համավարակի տարածման խնդիր և ըստ էության պետք է արձանագրենք, որ երիտասարդների մոտ հիվանդությունն առանց սիմպտոմների է լինում, բայց նրանք դառնում են վարակակիր։ Պետք է արձանագրենք, որ եթե մենք մեծ միջոցառումներ կազմակերպենք, ապա նրանք կարող են դառնալ վարակակիր ու վարակը տարածել իրենց ընտանիքներում, որտեղ կան տատիկներ, պապիկներ, ծնողներ, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ վարակը չտարածվի, և նրանց առողջությունը չվնասվի»,- նշեց Հարությունյանը։

Գերատեսչության ղեկավարը նշեց, որ դա չի նշանակում, թե վերջին զանգի միջոցառումների մասով ամեն բան կասեցվել է, և ոչինչ չի լինելու։

«Բայց հենց Առողջապահության նախարարության հետ հասկանանք, որ համավարակը այլևս որևէ վտանգ չի ներկայացնում, և սահմանափակումների հետ խնդիրներ չունենք, մենք միասին որևէ օր որոշում ենք և արարողություններն ենք անցկացնում միասին։ Մենք կարիք ունենք այդպիսի հանրային միջոցառումների, բայց քանի որ սահմանափակումները կան, մի օր կորոշենք»,- նշեց նախարարը։

Հեղինակ`Ռոզա Խաչատրյան