Կառավարությունը քննարկեց և ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը հաստատելու մասին հարցը:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ նախագծով առաջարկվում է Հայաստանի բարձրադիր գոտիներում ուռենու տեսակներով հիմնել ափապաշտպան անտառաշերտեր և այդ աշխատանքներում լայնորեն ներգրավել տեղական բնակչությանը:
«Այդպիսով կստեղծենք լրացուցիչ աշխատատեղեր և կմեղմենք բնակչության եկամտի կրճատման հետ կապված վտանգները: Միջոցառման շահառու են այն բնակիչները, ՀՀ քաղաքացիություն ունեցող և չունեցող անձինք, որոնք կներառվեն այս աշխատանքներում: Աշխատանքները ենթադրում են նախանշված գետերի նախատեսված հատվածներում տեղական տեսակի ուռենու կտրոնների պատրաստման և տնկման աշխատանքներ: Երեք կազմակերպություններ ներգրավված կլինեն: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար 50 դրամ կվճարվի, և մեկ հեկտարի հաշվով մոտ 10 000 կտրոն կտեղադրվի»,- նշեց նախարարը:
Այս պրակտիկան լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում, գետերի ափապաշտպան աշխատանքների արդյունքում հողն էրոզիայից կփրկվի, հեղեղումներից կխուսափենք, ջերմաստիճանի կարգավորման կբերի, որն էլ իր դրական ազդեցությունը կունենա ձկների վրա, հետագայում էլ կարող է կիրառվել որպես վառելիք՝ նշեց նախարարը:
Վարչապետն էլ հավելեց, որ շուրջ 1000 աշխատատեղ է ստեղծվում ծրագրով: Դրանք կլինեն ժամանակավոր, բայց նախատեսվում է ծրագիրը դարձնել շարունակական: