«Հայտնի դարձավ, որ որոշ գործատուներ անգամ պահանջել են իրենց աշխատողներից սոցիալական աջակցության մի մասը տալ իրենց»

Այսօր, հատկապես համաճարակի պայմաններում, Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտումներն ամենամասշտաբայինն են։ Սոցիալական աջակցություն ստանալու կարիք ունեցողներն արդեն ստիպված անթաքույց խոսեցին, որ գործատուները չեն գրանցել իրենց աշխատանքը և չեն վճարել հարկեր, որոնք հիմա հնարավոր կլիներ վերադարձնել այդ աշխատողներին սոցիալական ծրագրերի միջոցով։ Հայտնի դարձավ, որ որոշ գործատուներ անգամ պահանջել են իրենց աշխատողներից սոցիալական աջակցության մի մասը տալ իրենց։ Խոսվեց նաև այն մասին, որ մարդկանց կախյալ պահելու համար տարիներով նույն վայրում աշխատող մարդկանց հետ կնքում են ժամանակավոր պայմանագիր և պատեհ պահին հրաժարվում շարունակել այն։ Այս ամենը պետական համակարգի համար համակարգված լսելի դարձնելու համար, երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին առաջարկեցի աշխատանքային իրավունքների խախտումների մասին պետական կառույցներին արագ, մատչելի և գուցե անոնիմ ազդարարելու համակարգ ստեղծելու հնարավորությունը։ Որոշ ուսումնասիրությունից հետո կլինեն նաև կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ։