Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՔԾ:
«Հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ»,- 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ըստ նրա՝ նյութերի նախապատրաստման համար օրենսդրությամբ 10-օրյա ժամկետ է նախատեսված, որն առանձնահատուկ դեպքերում կարող է երկարաձգվել 20 օրով: «Նյութերի նախապատրաստման արդյունքներից ելնելով որոշում կկայացվի քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին՝ կախված հարուցման համար փաստական տվյալների և հիմքերի բավարարությունից»,- ասաց Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանը իր տեսանյութում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելիս Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել տեսակցել և արդեն հանդիպման ժամանակ առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որևէ մեկին, քրեական գործերի քաշքշուկից ազատվելու համար: