Արտակարգ դեպք Երևանում. Քանաքեռ-ՀԷԿ-ի ձորից «թիկունքի 2 կտրած-ծակած վերքեր» և «գլխի, ծոծրակի հատվածի վերք» ախտորոշմամբ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց

  SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում «Իզմիրիլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ 5 րոպեի տարբերությամբ իրենց կենտրոն է տեղախոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը՝ «թիկունքի 2 կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, իսկ մեկը՝ «գլխի, ծոծրակի հատվածի վերք» ախտորոշմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի և հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Քանաքեռ-ՀԷԿ թաղամասի բնակիչ՝ 25-ամյա Կառլեն Նուբարյանը և 26-ամյա Ռաֆիկ Նուբարյանը։ Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-ՀԷԿ-ի ձորից։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Թե ինչ հանգամանքերում են նշված անձինք մարմնական վնասվածքներ ստացել, Արաբկիրի ոստիկանները պարզում են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. և Ռ. Նուբարյանները հարազատ եղբայրներ են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: