2020թ. մայիսի 8-ի դրությամբ ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում հարուցվել և վարույթ է ընդունվել 35 քրեական գործ և 2 նյութ՝ համայնքների ղեկավարների կողմից բջջային կապի ծածկույթն ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար հողամասերի տրամադրման գործընթացում առերևույթ թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ, որոնցից 8 քրեական գործ և 1 նյութ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում, 3 քրեական գործ՝ Լոռու, 3 քրեական գործ՝ Տավուշի, 1 քրեական գործ և 1 նյութ՝ Արագածոտնի, 3 քրեական գործ՝ Արարատի, 2 քրեական գործ՝ Կոտայքի, 3 քրեական գործ՝ Գեղարքունիքի և 12 քրեական գործ՝ Սյունիքի մարզային քննչական վարչություններում:
Նշենք, որ այս քրեական գործերը ՀՀ քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանումներում քննվում են մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում, և դրանց վարույթ ընդունելուց անմիջապես հետո իրականացվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, համայնքներին պատճառված գույքային վնասները վերականգնելու ուղղությամբ:
Այսպես՝
Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 8 գործերով և 1 նյութով պարզվել է համայնքներին պատճառված վնասի չափը՝ 71.657.595 ՀՀ դրամ, որից, որպես վնասի հատուցում, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է 2.000.000 դրամ:
Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող 3 քրեական գործերով պարզվել է, որ համայնքներին պատճառվել է 58.784.284 ՀՀ դրամ վնաս, որից, որպես վնասի հատուցում, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է 14.494.000 ՀՀ դրամ:
Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 3 քրեական գործերի նախաքննության փուլում, համայնքին պատճառված 7.296.445 ՀՀ դրամի վնասից վերականգնվել և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել 1.200.000 ՀՀ դրամ:
Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 1 գործով և 1 նյութով համայնքներին պատճառված 7.598.000 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 3 քրեական գործերով վերականգնվել և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին է փոխանցվել համայնքներին պատճառված 20.961.500 ՀՀ դրամ վնասից՝ 5.400.000 ՀՀ դրամը:
Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 2 քրեական գործերով, որպես վնասի հատուցում, համայնքներին պատճառված 18.873.000 դրամի վնասից, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է 5.500.000 ՀՀ դրամը:
Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 3 քրեական գործերով պարզվել է, որ համայնքներին պատճառվել է 13.560.925 ՀՀ դրամ վնաս, որից համայնքների բյուջե է փոխանցվել 7.075.075 ՀՀ դրամը:
Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող 12 քրեական գործերով պարզվել է, որ համայնքներին պատճառվել է 47.320.472 ՀՀ դրամ վնաս, որից, որպես վնասի հատուցում, ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է 30.904.916 ՀՀ դրամ:
Այսպիսով՝ առերևույթ կատարված չարաշահումներով համայնքներին ընդհանուր առմամբ պատճառվել է 246.052.221 ՀՀ դրամի վնաս, որից, այս պահի դրությամբ, վերականգնվել է 74.171.991 ՀՀ դրամը:
Նշված 35 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, 1 նյութով որոշում է կայացվել՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ քրեական պատասխանատվության համար նախատեսված վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: