Գեղակերտ գյուղում հարձակվել է ելակ հավաքելու գնացած տղամարդու վրա

  2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 06:20-ին, «Վաղարշապատի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 05:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, 41-ամյա տղամարդն իր կնոջ և Էջմիածին քաղաքի բնակչուհու հետ, ելակ հավաքելու նպատակով, գնացել են Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող իրեն պատկանող հողատարածք:

Հասնելով նշված վայր՝ նկատել են անծանոթ անձի, վերոնշյալ տղամարդը փորձել է պարզել իր հողատարածքում նրա գտնվելու պատճառը, որի ժամանակ վերջինս, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել Գեղակերտ գյուղի բնակչի կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի:

Նախաքննությունը շարունակվում է: